ուրբաթ, 17 փետրվարի 2012
Երթը որպես անվախճանություն
«Ժամանակը» դեմ է, որպեսզի աշխարհիկ իշխանության ղեկավարները գլխավորեն «եկեղեցական տոնախմբության շարքերը»: «Երկիրը» դեմ չէ, նույնիսկ գովելի է համարում «բազմազբաղ ղեկավարների մասնակցությունը» նման միջոցառումների, բայց ինչո՞ւ ՀՀԿ դրոշներով, դրանք որքանո՞վ են տեղին «ազգային-կրոնական» տոնի ժամանակ: «Հրապարակը» իր բացասական եզրակացության մեկ այլ պատճառ է գտել. իբր, երթին մասնակցող ուսանողների մի մասը տեղյակ էլ չէր, թե ուր է գնում և ինչ նպատակով` «Ուրիշ բանուգործ չունե՞ն»: Գրեթե նույն դիրքորոշումն ունի «Ժողովուրդը»` «Դասադուլ հանուն ՀՀԿ-ի»: Այս թերթը «Վարչապետի սիրելին» խորագրով հարցազրույց է արել Արդարադատության նախարարի հետ (նույն նախարարին մի քանի այլ հարց է տվել «Ժամանակը»), ինչպես նաև «կերտել» նախկին նախարարի դիմանկարը:
«Հայացքը» անդրադարձել է կառավարության երեկվա նիստի առանցքային հարցերից մեկին` «Գառնիի խզվածքը մտահոգում է սեյսմոլոգներին, իսկ տարածաշրջանի միակ դեֆորմոգրաֆը չի աշխատում»: Նույն թերթի տեղեկացմամբ ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին 3 հազար փախստականների հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ վարչապետի քննարկմանը:
«Հրապարակը» հերթական անգամ արծարծել է այն միտքը, թե վարչապետն, իբր, ՀՀԿ համամասնական ցուցակում կցանկանար տեսնել մի շարք «նախկին քաղաքական գործիչների»
«Երկիրը» գրել է, թե «կառավարության 2011թ. միջոցառումների ու գերակա խնդիրների մասով» գերատեսչություններին տրված հանձնարարականներից ուշացումով է կատարվել 21-ը, իսկ պատասխանատվություն կրելու առումով «կառավարությունը լռում է» («Վերջից առաջինները»): «Ազգը», հիշատակելով 2011թվականը գյուղատնտեսության ոլորտի համար հաջող համարելու նախարարի հայտարարությունը, հարցրել է` «Գյուղնախարարը գոհ է, իսկ գյուղացիները՞»: Լրագրողների հետ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա հանդիպման մանրամասներին անդրադառնալով, «Օրակարգը» եզրակացրել է, որ «Նոր ատոմակայանը կարող է կառուցվել պետպարտքի մեծացման հաշվին», «Հայոց աշխարհը» նշել է, որ «Գազի գնի փոփոխության հայտ Հայաստանը չի ստացել», «Հայկական ժամանակը»` հակառակը, պնդել է, որ «Գազը թանկացել է», ինչը, ըստ թերթի, «ապացուցում են ՊԵԿ-ի հրապարակած տվյալները»: «Իրավունքի» «տվյալների» համաձայն շուտով ՏՄՊՊ հանձնաժողովի նիստում քննարկվելու են «պետական գնումների շրջանակներում ձեռք բերվող դեղորայքի և բուժպարագաների ուղղությամբ… ուսումնասիրությունների արդյունքները». թերթը նաև իր հանգույն հայտարարել է` «Դեղերի «մաֆիան» զորեղ է»: Ըստ «Օրակարգի» «շաքարի շուկայում անցած տարի բավական ուշագրավ զարգացումների» արդյունքում երկրում առաջացել է «70 հազ. տոննա շաքարի ավելցուկ», ինչը թերթը համադրել է «տարվա երկրորդ կիսամյակին… շաքարի մաքսային արժեքի «բարձրացման» իրողության հետ և փորձել «պատկերացնել», թե «ինչ ծավալի հարկեր չեն վճարվել»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է ՓՄՁ ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանի հորդոր-առաջարկը. «Պետք է հասկանանք, որ պետությունը ձեռներեցության գործընկերն է»:
«Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը արդյունաբերության զարգացման և ձեռնարկությունների վերագործարկման հիմնախնդիրների լուծման առումով ներկայացրել է իր առաջարկները («Հայաստանի կառավարությունը, կարծես, ձերբազատվում է լիբերալիզմի դոգմաներից»), «Դելովոյ էքսպրեսը» ներկայացրել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցի հետ զրույցը: