շաբաթ, 25 փետրվարի 2012
Հեղինակի փնտրտուք
«168 ժամը» հանգամանորեն անդրադարձել է կառավարության այն որոշմանը, որով պետությունը գյուղացիներին է զիջում շուրջ 43 մլրդ դրամի հարկեր: Հոդվածի զգալի մասը «հետաքննության» ժանրից է, փնտրվում է նախաձեռնության հեղինակը, որն այդպես էլ անորոշ է մնում: Հարցի պարզաբանմանն ուժերը ներածին չափ մասնակցել են նաև «Ժողովուրդը» և «Հրապարակը»: ՀՀԿ-ի և կառավարության տնտեսական քաղաքականության քննադատությունը զգալի տեղ է գրավում «ՀԺ»-ի («Ներմուծենք երգելով»), «168 ժամի» («Ախ այդ ֆինանսատնտեսական ճգնաժամը»), «Հրապարակի» («Տնտեսական շաբաթ կամ իշխանությունը իշխանություն չի») տպագիր էջերում: Նախընտրական ծրագրերին են նվիրված Էդ.Շարմազանովի (ՀՀԿ, «Առավոտ»), Հր. Մարգարյանի (ՀՅԴ, «Երկիր»), Հ.Հովսեփյանի (ՀՀԿ, «Հրապարակ») խորհրդածությունները, Մանվել Բադեյանի (ՀՀԿ) և Ռուբեն Հախվերդյանի (երգիչ) բանավեճը («Հայացք», «Հրապարակ», «Առավոտ»):
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» «տարած-ետբերած» օրինագիծը, ըստ Լարիսա Ալավերդյանի, «ոչ թե վիճահարույց է, այլ անթույլատրելի» («Առավոտ»): Նախագիծը քննադատում են նաև քաղաքական այլ ուժեր («168 ժամ»):
«Հրապարակի» վկայությամբ «Ֆեյսբուքում» բողոքի ալիք է բարձրացել 2011թ. դեկտեմբերին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ, որոնց պատճառով «գիրքը թանկանալու է 20-50 տոկոսով»: