չորեքշաբթի, 29 փետրվարի 2012
Ցուցակ, որ կոչի հորդորակ
Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցների առաջին դեմքերը ՀՀ գլխավոր դատախազին հորդորում են փոխել Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը: Խնդրագիրը ստորագրողների ցուցակում կողք-կողքի հաշտ ու համերաշխ հանգրվանել են «Ազգի», «Չորրոդ ինքնիշխանության», «ՀԺ»-ի, «Հայոց աշխարհի», «Առավոտի», Հ2-ի, «Երկիրի» և մյուս ԶԼՄ-ների ղեկավարների անուն-ազգանունները:
Վարչապետի այն հայտարարությունը, թե ինքը դեմ է Մաշտոցի այգում տաղավարներ տեղադրելուն, «ՀԺ»-ն գնահատել է իբրև քաղաքապետի «զոհաբերում», երբ տաղավարները հանելը «լուրջ հարված կլինի» նրա հեղինակությանը:
Ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես մամուլը քննարկում է վարչապետի կուսակցական այցելություններն ու հանդիպումները: Դրանց անդրադարձել են «Օրակարգը» («Ձեր ընտրությունը դուք չեք»), «Հրապարակը» («Նա գնաց ավտոբուսով»), «Ժողովուրդը», «Երկիրը» («Ընտրախախտումներն արդեն սկսվել են»): Համամասնական և մեծամասնական ընտրակարգի խորհրդարանական քննարկման ընթացքը լուսաբանել են «Ժամանակը» («Ընդդիմությունն ընկնում է, ԲՀԿ-ն փորձում է պահել»), «Առավոտը» («Աժ-ում օրենսդրական փաթեթների կռիվ էր»): Սակայն Արդարադատության նախարարն, օրինակ, իր իսկ խոստովանությամբ, պարզապես «սպանվել» է արտակարգ դրության օրինագիծը քննարկելիս և այդ պատճառաբանությամբ հերքել «Ֆեյսբուքի» օգտատերերից Աննա Ս.-ի հետ աշխատանքի ժամին անձնական զրույցի բռնվելու «մեղադրանքը»` «Նախարարն աղջի՞կ էր կպցնում» («ՀԺ»): Նախընտրական լրատվությունն ամբողջացնում է «Հրապարակը»` հավաստիացնելով, որ իբր ՀՀ փոխվարչապետի «կադրերն անդամակցում են ԲՀԿ-ին»:
Կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերից մի քանիսը վաղօրոք քննադատվել են լրատվամիջոցներում: «ՀԺ»-ն «դատարկաբանություն» է անվանում Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը, «Օրակարգը» խնդրահարույց է համարում ատոմակայանի հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծարումը, ինչպես նաև տարակուսում է, թե կառավարությունն ինչու է պետգույքի ուղղակի վաճառքը գերադասում աճուրդից:
«Հայոց աշխարհը» ազգային մրցունակությունը բարձրացնելու առումով «անհրաժեշտ է համարել տնտեսական պոտենցիալը», որն առկա է «ոչ միայն զբոսաշրջության», այլև մյուս ոլորտներում, «վերածել առավելության»: «Օրակարգը» նշել է, որ կառավարությունը «մեծ պոտենցիալ է տեսնում ոչխարների արտահանման առումով», ինչի վկայությունը համարել է Ոչխարաբուծության զարգացման ծրագիրը, նաև մտահոգվել, որ ոլորտը զարգանում է իր «արտադրատնտեսական իրական հնարավորությունների 25-30%-ի սահմաններում», թեև ունի արտահանման կրկնակի ներուժ:
«Հայացքն» անդրադարձել է այս տարվա սկզբից գրքի վաճառքը, թերթի որակմամբ, «անհեթեթորեն հարկելու» խնդրին և եզրակացրել, թե «իշխանությունները հայ գրատպության 500-ամյակը դիմավորեցին գիրքը թանկացնելով»:
«Երկիրը» նախորդ տարվա ընթացքում ներմուծված միս-մսամթերքի ծավալների «աննախադեպ աճը» փորձել է «տեղավորել» «101 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ ապահովելու միջոցառումների շրջանակներում»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը վերստին արձագանքել է տնտեսվարողին հետադարձ ուժով ԱԱՀ վճարող ճանաչելու հիմնահարցին` «Պետեկամուտների կոմիտեն լռում է»: Տնտեսաիրավական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ իր անդրադարձում «Ռեսպուբլիկա Արմենիան» («Տնտեսական ոչ լիարժեք ազատություն»), փորձել է բացահայտել, թե այսօր ինչ մտահոգություններ կան գործարարության ոլորտում: