հինգշաբթի, 1 մարտի 2012
Գարնան առաջին օրը
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է ԱԺ-կառավարություն հերթական հարց ու պատասխանին, մասնավորապես ընդգծելով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի դիտարկումը, որ «2011թ. ընթացքում… հարկային փաթեթում գրքերի հարկ չի բարձրացվել», և որ այդ խնդրում «արդեն հստակություն է մտցվել»: «Հրապարակը» «հավակնոտ խորագրով» արձագանքել է «Դեմ ենք գրքերի թանկացմանը» նախաձեռնության անդամների կազմակերպած երթին` «Երևանը` գրքի համաշխարհային գերեզմանաքաղաք», «Հայկական ժամանակը» այն դիտարկել է` «Բերել կառավարության քթից»: «Ազգը» մանրամասներ է հաղորդել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացած քննարկումից, որի ընթացքում, ի դեպ, գործարարները ողջունել են «առաքման և հասույթի գրքերի վերացումը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավաստել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վստահեցմամբ «Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն լինի», ինչին «Հայոց աշխարհը» հավելել է երեկ խորհրդարանում լրագրողների հարցերին վարչապետի պատասխաններից նաև իր եզրակացությունը. «Կենտրոնում կարգելվի բազմաբնակարան շենքերի կառուցումը»: «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանի գնահատմամբ ՀՀԿ-ն «Չի սպասել… նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին», ինչին իր անհամաձայնությունն է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` համապատասխան հիմնավորումներով: Վարչապետի և «ՀՀԿ ակտիվիստների հետ» կազմակերպվող հանդիպումների թեմային անդրադարձել են նաև «Երկիրը» («Ճառ ասեմ, թե զանգ կախեմ») և «Հայկական ժամանակը» («Զգուշացե′ք ՀՀԿ ծրագրից»): Մի այլ հրապարակման մեջ նույն «Հայկական ժամանակը», նաև «Ազգը», ըստ իրենց ճաշակի ու նախասիրության, անդրադարձել են ՄԱ կուսակցության երեկվա համագումարին («Եվ Գուրգեն Արսենյանը լռեց» և «ԲՀԿ-ն ու ՄԱԿ-ը` միասին»):
Ըստ «Օրակարգի» էլեկտրոնային առևտուրը կարող է մարտահրավեր նետել «հայաստանյան օլիգարխիային», ստեղծել «մրցակցային շուկա», նաև, ինչպես լրագրողների հետ երեկվա հանդիպմանը նշել է ԻՏՁ միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, նպաստել, որպեսզի տեղի ունենա «գների հավասարակշռում»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը «տեղեկացրել» է, թե «համաշխարհային շուկայում գների տատանումը առիթ է տվել», որպեսզի «ալյուրի շուկայի խաղորդներն այդ ապրանքը թանկացնեն», ինչը «արձանագրել է» ՏՄՊՊ հանձնաժողովը, սակայն «դեռ չի պարզել դրա պատճառները»: «Երկիրը» անդրադարձել է Հայաստանի «արտահանման աշխարհագրությանը» և նշել, թե «մեր տնտեսությունն ուղղակիորեն կախվածության մեջ է «ԵՄ և ԱՊՀ երկրների… աշխարհաքաղաքական կողմնորոշումներից»: Սննդի անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ երեկ «Արցախ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի մանրամասները «Հայոց աշխարհը» ներկայացրել է «Սննդամթերքի որակը երաշխավորված չէ». «Հայացքը»` «Հայաստանը դարձյալ խոպան է… անորակ, նույնիսկ վտանգավոր սննդամթերքի իրացման համար» հրապարակումներում: «Առավոտի» խմբագրականը վերահիշեցրել է 2008-ի մարտիմեկյան տխուր իրադարձությունը որպես «մեր նորագույն պատմության սև էջ», բայց նաև, որպես լավատես. կարծիք հայտնել, որ «2012-13 թվականներին «մարտի 1» չի լինելու»: