շաբաթ, 3 մարտի 2012
Հրապարակումների գինը
«Հայաստանի Հանրապետությունը» հրապարակումներից մեկում անդրադարձել է «Արմենալ» գործարան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցելությանն ու մետաղագործական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը («Աճի և արտահանման մեծ ներուժ»), մյուսում տեղեկացրել, որ մինչև ապրիլի 10-ը գյուղացիական տնտեսությունները կստանան անհրաժեշտ քանակի պարարտանյութ: («Էժան վարկեր այս տարի ևս կտրամադրվեն»): «Հայկական ժամանակը» վերստին արձագանքել է ԱՎԾ ներկայացրած հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշին, որ նախորդ տարվա համեմատ աճել է 4.4 տոկոսով, և իր հանգույն «փորձել հասկանալ», թե «Էս անգա՞մ ինչի թռիչք է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը զրուցել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ. «Միգրացիան դրական կողմեր էլ ունի»: «Երկիրը» մտահոգված է` «Բենզինի գինը նորից բարձրացավ», «ՀՀ-ում սնունդը թանկացել է 14 տոկոսով», «2012-ին խաղողի շուկայում սպասվում են թանկացումներ». «Ազգը» նույնպես` «Դարձյալ թանկացում` այս անգամ թանկանալու է գինին»: «Հայոց աշխարհը» հավելել է, թե «Գների նոր բարձրացում է սպասվում վառելանյութի շուկայում», իրենց հերթին «համայնքները չեն շտապում ձեռք բերել հատկացված սուբսիդավորված վառելանյութը»:
«Հայացքի» փոխանցմամբ կատարվել են «Միլիոնների հավելագրումներ գյուղնախարարության համակարգում», «Հայոց աշխարհի» տեղեկացմամբ` «լուրջ խախտումներ են բացահայտվել թռչնաբուծության ոլորոտում». («Խիստ վտանգավոր թափոնները գե՞տն են լցվել»): «168 ժամում» «Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանը կարևորել է հայ-վրացական միջտնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկները: Մի այլ հրապարակման մեջ թերթն առաջարկել է «պատշաճ ուշադրություն դարձնել եվրոյի գոտու ճգնաժամին և դրա հնարավոր հետևանքներին»: «Հրապարակը» տնտեսական շաբաթվա իր «յուրատեսակ ամփոփումն» ամփոփել է, ինչպես հաճախ է պատահում, մռայլ խորագրով. «Տնտեսական շաբաթ կամ` էլ ի՞նչ մանուշակ և ինչ ձնծաղիկ»: