երեքշաբթի, 6 մարտի 2012
«Օրերը ծուխ կըլին…»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը համոզված է` «ավելի շուտ նապաստակին ծխել կսովորեցնես, քան էս իշխանություններն արդար ընտրություն կանեն» («Հայացք»): «Գոլոս Արմենիի» վկայությամբ Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրենը բաց է թողել կենդանիների դասը և միանգամից ծխելու հնարավորություն ստեղծել «իր դպրոցի» աշակերտների համար: Ծնողների բողոքը ոչ մի արդյունք չի տվել, տնօրենին ուշքի բերելու փորձերը` նույնպես, ուստի հերթական նամակն է հասցեագրվել քաղաքապետին, արդարադատության նախարարին և վարչապետին: Տրամաբանությունը հուշում է, որ եթե դպրոցի պետական պաշտոնյա տնօրենն է իրեն վստահված կրթօջախում հակաօրինական «օրինականություն» հաստատում, ապա իր սեփականության` Փակ շուկայի հանդեպ որքան իրավունք կարող է բանեցնել սեփականատերը. մանրամասները ներկայացրել է «Նովոյե վրեմյան»` «Փակ շուկայից ինչ է մտադիր արարել Սամվել Լիմինդրովիչը. ճարտարապետական հուշարձանը շաքարի և կարագի ներմուծման լույսի ներքո»: «Հայացքը» նույնպես լրագրողական հետաքննություն է կատարել, սակայն այլ ոլորտում` «Կադաստրում կիրառել են երկակի ստանդարտներ. պատճառն ինչ է, եթե ոչ` կոռուպցիան»: «Հրապարակն» էլ է հիշեցնում «կաշառակերության» մի դեպք և այն հարստացնում նոր մանրամասներով:
«168 ժամի» զրուցակիցը կրկին Քաջարանի գյուղապետն է. «Վարչապետը տրամադրված ա` գյուղը վերացնի: Վսյո»: Լրագրողական պրպտումը անսպասելի արդյունքի է հանգեցրել «Երկիրին». իբր երկրի օրենսդրության համաձայն «հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է», այսինքն` «2008-ից առաջ չվճարված հարկերը» պետությունն այլևս պահանջել չէր կարող. «Կառավարության «ճոխ նվերը»:
Վաղվա նիստի օրակարգից նոր ավտոմայրուղու նախագծին հավանություն տալու հարցը «սարսափելիության աստիճան հետաքրքիր» է համարել «ՀԺ»-ն` առաջարկելով Դալմայի այգու մի հսկայական հատված կառուցապատելու փոխարեն այն դարձնել «մոտավորապես այնպիսին, ինչպիսին Նյու Յորքի կենտրոնական այգին է»:
«168 ժամը» տեղեկացրել է, որ հեռուստաընկերությունները հրապարակել են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի իրենց սակագները, չզլանալով նաև նշել, թե «Հանրայինը» թերևս «պետք է սահմաներ այնքան ցածր սակագին, որքան հնարավոր է տեխնիկապես» («Իրական փողեր` եթերային խոստումների դիմաց»): «Իրավունքը» «դեղերի պետական գնումների շուրջ» իր «տարօրինակ պատմությունը» համեմել է հիշեցմամբ, թե ՏՄՊՊ հանձնաժողովի որոշմամբ որ ընկերությունների նկատմամբ է հարուցվել վարույթ: «Օրակարգը», անդրադառնալով ալյուրի թանկացմանը, եզրակացրել է, որ «ներքին շուկայում և մատակարար երկրում արձանագրված գների աճի միջև ուղղակի կապ չկա» և, ուրեմն, տեղի է ունեցել «գների ներկրում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, թե ըստ շուկայի խաղորդների «ամբողջովին համաշխարհային գներով և… հունվարի 1-ից Հայաստանի օրենսդրական դաշտի փոփոխությամբ» պայմանավորված «նավթամթերքի պարբերական թանկացումը ավելի շատ վարորդների է ստիպում հրաժարվել բենզինից («Բենզինից` գազի հոտ»): «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը շարունակել է միգրացիայի և տնտեսական անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ իր դատողությունները, ի մասնավորի կարևորելով միգրացիոն գործընթացների «կարգավորման ու վերահսկման համալիր հայեցակարգի» և «դրան համարժեք տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը»: Միգրացիայի արդի խնդիրներին նվիրված հրապարակումների զգալի մասը համարելով ոչ օբյեկտիվ և վիճակագրորեն չհիմնավորված, «Գոլոս Արմենիին» լրացնում է այդ բացը և ներկայացնում երևույթի իրական պատկերը: