շաբաթ, 17 մարտի 2012
«Մուտքը ներսի կողմից»-2
«Ազգը», «Երկիրը», «ՀԺ»-ն և «Ժողովուրդը» տրտնջում են, թե իրենք հրավիրված չեն եղել և հնարավորություն չեն ունեցել լուսաբանելու ՀՀԿ երեկվա միջոցառումը, երբ կուսակցական տոմսեր են հանձնվել մի խումբ նորագիրների. «… տեղեկությունն ստացանք կապույտ արյուն ունեցող լրագրողներից»- «Ազգ»: Այնուամենայնիվ, «ՀԺ»-ի և «Ժողովուրդի» աշխատակիցներին հաջողվել է հասնել գրասենյակի մատույցները: Ավելին, «ՀԺ»-ի թղթակիցը նույնիսկ զրուցել է Մհեր Սեդրակյանի հետ, իսկ «Երկիրը» նորագիրների առիթով վերհիշել թվում է վաղուց մոռացված «առնետավազք» բառը:
Տնտեսական շաբաթը վերլուծել է «Հրապարակը», իսկ «ՀԺ»-ն և «168 ժամը» փորձել են քանդել «խճճված» կծիկը և ընթերցողին ներկայացնել Հրանտ Բագրատյանի հերթական նամակ-զգուշացումը` «Կգանք` կարգի կբերենք»:
«Առավոտի» հոդվածագիրը այն կարծիքին է, որ հաշվետու ժամանակաշրջանում, չնայած խոստումներին, չի լուծվել ջավախահայության և ոչ մի խնդիր, և այսօր Ջավախքը նույնքան անպաշտպան է, որքան նախկինում:
«ՀԺ»-ն վեր է հանել իբր կառավարության ջանքերով «ԲԱՄՕ»-ի ստացած վարկի պատմությունը` «ԲԱՄՕ»-ն ՊՆ-ին պարտք է 20մլն դոլար», «Հայացքը» տպագրել է կառավարության վերջին նիստում Մաշտոցի պուրակի վերաբերյալ վարչապետի պարզաբանման պատասխանը, «Ազգը» լուսաբանել վարչապետի հանդիպումը մտավորականության հետ, «Գոլոս Արմենիին»` ֆինանսական հաշտարարի հաշվետվությունը: