շաբաթ, 24 մարտի 2012
Հարցն հավերժական է` Հիսո՞ւս, թե՞ Բարաբա
«Հրապարակի» սյունակագիրը այսօրվա Հայաստանի վիճակը նմանեցնում է «Գողգոթայի չարչարալից ճանապարհին», զարհուրում, որ մեր հասարակությունը «ամենուրեք և հատկապես սոցիալական ցանցերում ակտիվորեն ու հափշտակված քննարկում է այդ ցուցակները…», մինչդեռ ցավելով Քրիստոսի համար, նա կամա թե ակամա ընտրելու է Բարաբային: Սակայն «Հրապարակն» ինքը չի կարողանում զերծ մնալ ընտրական քննարկումից` «Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի Սերժ Սարգսյանի դեմ», «Ցուցակում և ցուցակից դուրս»: Մյուս թերթերը, որոնց չի կաշկանդում վերնագրում առաջարկված երկընտրանքը, ավելի ազատ են «նավարկում» նախընտրական թոհուբոհում. «Մարդ չունեն» («Ժողովուրդ»), «Սերժ Սարգսյանը թող իզուր չփորձի», «Մի աչքով չնայեք» («Ժամանակ») և այլն: «Հրապարակը», «Ազգը», «168 ժամը», «Առավոտը», «Հայաստանի Հանրապետությունը» ավելի կամ պակաս մանրամասնությամբ լուսաբանել են ազատ և արդար ընտրությանն առնչվող հարցերին նվիրված համաժողովի աշխատանքը:
«Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ գազի «սակագները չեն բարձրանա» և «անապահովները կօգտվեն գազի սուբսիդավորումից», իր հերթին «կրկնակի կենսաթոշակների հետգանձումը կդադարեցվի» մինչև «խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի» ապահովումը: «Հայկական ժամանակը» գրել է, որ անշարժ գույքի շուկայում «գները շարունակում են նվազել» և փորձել երևույթը հակադրել տնտեսության կայունացման վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալներին: «Երկիրը» արձագանքել է կառավարության նիստում «մինչև 50քմ սպասարկման սրահ ունեցող հանրային սննդի օբյեկտների վրա, արտոնագրային վճարի հետ կապված, գոտիականություն չկիրառելու» որոշմանը («Սրահը սրահ է` թեկուզ Թոխմախում»), նաև, մի այլ հրապարակման մեջ, («Բացահայտ ռեկետի հետքերով»), իր հանգույն քննադատել «ԱՊՊԱ-ն շրջանցելն անհնարին դարձնելու» պետական միջոցառումները: «168 ժամը» բանկերի կողմից ավանդների տոկոսադրույքի բարձրացումը զարմանալի է համարել` «Հերթական «անվճար պանիրը»` բանկային համակարգում», «Առավոտը» գյուղատնտեսության ապահովագրության հիմնախնդիրներին իր անդրադարձում գրել, թե «ապահովագրական ընկերությունները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և գյուղացու բերքը ապահովագրել, քանի որ այն իրենց վրա շատ թանկ կնստի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ ազոտական պարարտանյութը և դիզվառելիքը գյուղական համայնքներին կտրամադրվի մինչև մայիսի 1-ը: «Ազգում» գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է գյուղացիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը («Երկար ձմեռը բերքառատության նշան է»): «Հրապարակը» տնտեսական շաբաթվա սեփական անդրադարձում տեսակետ է հայտնել, թե իբր «ԿԲ-ն… իր ինտերվենցիաներով… առաջ է տանում «էժան դոլար ներմուծող օլիգարխների համար» հատուկ ծրագիրը»: «Ժամանակի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը անդրադարձել է գիտելիքահենք տնտեսության ստեղծման նպատակով ձեռնարկվող գործընթացներին: «168 ժամում» «Lydian International» ընկերության նախագահ Թիմ Քոֆլինը ներկայացրել է «Ամուլսար» ծրագրից մանրամասներ` ի մասնավորի հայտարարելով, որ կազմակերպությունը «Հայաստանում միջազգային ներդրումների «դեմքն է», ըստ էության հանդես է գալիս իբրև «Հայաստանի ոչ պաշտոնական բիզնես-դեսպանների դերում»: