երեքշաբթի, 20 մարտի 2012
Իրականության և կեղծիքի սահմանը
Իբր ՀՀ փոխվարչապետը չի համաձայնել («Ժողովուրդ»), իսկ ՀՀԿ ընտրական շտաբի առաջին փոխնախագահը «կտրականապես հրաժարվել է» («Հրապարակ») ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Ընդհանրապես, մամուլի գլխավոր թեման այդ չարաբաստիկ ցուցակների առաջացրած իրարանցումն է. «Ցուցակակռիվ» («168 ժամ»), «Ոմանք կան, ոմանք` ոչ», «ՀՅԴ-ում էլ է կռիվ ընկել» («ՀԺ»), «Նախընտրական իրարանցում կամ ի՞նչ է ասում այսօրը վաղվա մասին» («Հայացք»), «Որևէ մեկը ոչ վիրավորված է, ոչ էլ վիրավորվելու իրավունք ունի» («Հրապարակ»): Այս թերթը, ինչպես նաև «Ժողովուրդը»` հպանցիկ, տեղեկացնում են, թե իբր ԵԺԿ նախագահի այն խոսքը ՀՀԿ համագումարում, թե «դուք կմասնակցեք ԱԺ ընտրությանը և կհաղթեք», հարուցել է կուսակիցների դժգոհությունը. նրանք, իբր, պահանջում են Մարթենսի հրաժարականը:
«168 ժամը» ոչ միայն կասկածում է «Ես գիտեմ» արշավի ընթացքում հրապարակվող թվերի ու փաստերի արժանահավատությանը, այլև արձանագրում դրանց և վիճակագրական տվյալների հակասությունները` «Ես գիտեմ, որ ամեն ինչ վերջացել է…»: «Օրակարգը» իր ընթերցողին բացատրում է, թե «Ինչպես ազատվել ՀՀԿ-ի մենատիրությունից»:
Բնականաբար, զգալի արձագանք է գտել ԲՀԿ համագումարը. «ԲՀԿ-ն ժողովրդի լայն շերտերի վրա՞ է հիմնվելու» («Ազգ»), «Ո՞ւմ էր ուղղված ԲՀԿ-ի քննադատությունը», «ԲՀԿ համագումարի արձագանքները Ֆեյսբուքում» («Ժողովուրդ»):
«ՀԺ»-ն վերապատմել է ՀՀ վարչապետի` իսրայելական կայքին տված հարցազրույցը, որի թեման զբոսաշրջությունն է, «Գոլոս Արմենիին» նույն թեմայով զրուցել է գիտաշխատող Հ.Մելիք-Ադամյանի հետ` «Աստված Հայաստանը տուրիզմի համար է ստեղծել»: «Հայկական ժամանակը» պրպտել է «Նովրուզը նշելու համար» Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների հնարավոր տրամադրվածությունը… Վրաստան այցելելու առումով և հայտարարել, թե «տարեցտարի ավելի ու ավելի շատ իրանցիներ են Վրաստանը նախընտրում Հայաստանից»:
«Ժամանակը» մտահոգված է Սիրիայի հայերին սպառնացող վտանգով և անբավարար է համարում նրանց օգնություն ցուցաբերելու կառավարության ջանքերը:
«Հայոց աշխարհը» հայտարարել է, որ «համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է» և փորձել բացահայտել, թե «ինչպես կարձագանքի դրան Հայաստանը»: «Օրակարգի» հետ զրույցում «Ֆիգարո ռեստորաններ» ընկերության տնօրեն Դեյվիդ Բիքվիդը հավելել է, որ «չնայած հայերի մեծ մասը համաձայն չէ», սակայն «Հայաստանում բիզնես միջավայրը շատ արագ փոխվում է», և ինքն ամեն անգամ վերադառնալով Հայաստան տեսնում է «այդ դինամիկան»: Թերթը մի այլ հրապարակման մեջ տեսակետ է հայտնել, թե «պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը» (երբ դա որոշում է պահանջարկը) և «դրամի հետագա արժեզրկումը կհանգեցնեն դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքների աճի»: «Ազգը» գործարարների գործառնությունում «հարկային վարչարարության անհեթեթության հուշարձան» է որակել այսպես կոչված «դրամարկղային գիրքը», նշել, թե այն «հատկապես հավելյալ խնդիրներ է ստեղծում փոքր բիզնեսի համար», ի մասնավորի հավելել, որ ոլորտին առնչվող պաշտոնյաները ևս համամիտ են դրան ու հույս հայտնել, որ թերևս «հրապարակումից հետո այս խնդիրները» կլուծվեն: «Գոլոս Արմենիին» անդրադարձել է ՏՄՊՊ հանձնաժողովին 24.555 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշմանը, «168 ժամը»` «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ» փոփոխված օրինագծերի նախագծին և իր հանգույն հայտարարել, թե իբր «կառավարության որոշումն արջի ծառայություն մատուցեց համայնքներին»: «Երկիրը» այս անգամ «զավեշտալի» որակումն է «կպցրել» կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման կարգում կատարված փոփոխություններին, նաև հավելել, թե իբր «կառավարությունը մեղավոր է», որ «տեխզննության ծառայության անցկացումը» թողել է «քաղաքացիների կամավորության վրա»: