հինգշաբթի, 29 մարտի 2012
Իրականության և ընտրությունների «արանքում»
Նոր խորհրդարանի ընտրության գործընթացներին անդրադառնալով «Ազգը» նկատել է, որ «գործարարներ կան բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակներում», ըստ որում` «ամենից շատ «Բարգավաճ Հայաստան», ամենից քիչ` «Միավորված հայեր» քաղաքական կառույցներում: «Հայկական ժամանակը» «համառորեն» շարունակել է «չհավատալ» ՀՀ բնակչության թվի մասին պաշտոնական վիճակագրական տվյալներին և փորձել համոզել, թե «սա մի հարց է, որ ունի մի քանի պատասխան», որին «ձայնակցել է» նաև «168 ժամը»` («Ընտրական «Ատկատի» մեխանիկան»):
«Հայացքը» ներկայացրել է հատվածներ Հրանտ Բագրատյանի «անունից և նրա էլեկտրոնային հասցեից» լրատվամիջոցներին ուղարկված նամակից («Իշխանությունների «պատասխանը» Բագրատյանի երեք նամակներին»): «Հայոց աշխարհը» նկատել է, թե «նամակի հեղինակը ինքը չէ, բայց բովանդակությունը ճշգրիտ է» («Բագրատյանը խելագարված է»):
«Հրապարակի» տեղեկությամբ Վարդան Բոստանջյանի անունը ԲՀԿ համամասնական ցուցակից «ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է Արտաշես Գեղամյանի տեսակետը, թե «Հմայակ Հովհաննիսյանը ներդրված է քաղաքական դաշտում որպես խառնակիչ Ռոբերտ Քոչարյանի կողմից»` ասես յուրօրինակորեն արձագանքելով «168 ժամում» Հ.Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ինքն «արդեն հավատում է, բայց ԲՀԿ-ին»: «Առավոտի» զրուցակիցը` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարել է. «ՍԻՄ-ի ճակատին գրված չէ` ընդդիմություն»: Ներքաղաքական ու նախընտրական գործընթացներին անդրադարձել են նաև «Ժամանակը» («Անակնկալների հավանականությունը») և «Օրակարգը» («Մարտի 1-ը չպետք է Հայաստանի ներկայիս օրակարգի մաս կազմի»):
«Հայացքը» շահումով խաղերի և խաղատների գործունեության ուղղությամբ ՎՊ իրականացրած ստուգումների արդյունքները որակել է «սկանդալային բացահայտումներ» («Թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից»), «Երկիրը»` իր հանգույն անդրադարձել կառավարության այսօրվա նիստի օրակարգին («Երևանում ինչ եք անում, որ Կոտայքում ինչ անեք»): «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ «Բենզինը կարող է թանկանալ ևս 20-30 դրամով»: «Օրակարգի» կարծիքով կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացումը «միայն ցուցահանդեսների միջոցով է տեսնում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է լրագրողների հետ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի երեկվա հանդիպումից իր «տպավորությունը»` «Գյուղնախարարությունում որոշել են հրաժարվել ազատ շուկայից»: Ըստ «Առավոտի» «դեղերի շուկայում փոփոխություններն առայժմ ի վնաս քաղաքացիների են, դեղերը չեն էժանացել, շուկան լցվել է կեղծ դեղերով»: