երեքշաբթի, 3 ապրիլի 2012
Գումարելիների տեղափոխությունն ըստ մամուլի
Եվ այսպես, մեր մամուլի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ խորհրդարանի ընտրությունից հետո վարչապետը պահպանելու է պաշտոնը, Արդարադատության նախարարը նշանակվելու է «որևէ երկրի դեսպան», Կրթության և գիտության, ինչպես նաև Սփյուռքի նախարարները իրենց «պորտֆելները փոխարինելու են պատգամավորի մանդատով», Արտակարգ իրավիճակների նախարարը դառնալու է «նորաստեղծ ներքին գործերի նախարար» («Ժողովուրդ»), ԱԺ նախագահը «պայքարելու է, որ Բնապահպանության նախարար դառնա» («Հրապարակ»): Կան այլ կարծիքներ ևս, որոնց համաձայն կամ Նիկոյանը շարունակելու է պաշտոնավարել, կամ նրան փոխարինելու են Արմեն Աշոտյանը, այլ տեղեկությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը («Իրատես դե ֆակտո»): «Հրապարակը», ինչպես նաև «168 ժամը», կանխատեսում են առատ ընտրակաշառքի բաշխումը ընտրազանգվածին: Իսկ առայժմ «Ժամանակը» նկատել և վերլուծել է «Իշխանության մանր խորամանկությունները», «Երկվությունը ԲՀԿ-ում», «Ժողովուրդը» ընթերցողին է ներկայացրել այն միջոցները, որոնցով ՀՀԿ-ն «փորձում է ավելի կառավարելի դարձնել ապագա խորհրդարանը», «Հայացքն» էլ փոխանցել է Երևանի մամուլի ակումբի նախագահի այն տեսակետը, թե կուսակցական տոմսեր բաժանելիս «վարչապետն օգտագործում է ադմինիստրատիվ լծակը», «Իրատես դե ֆակտոյի» թղթակիցը գտել է այն հարցի պատասխանը, թե «Պուտինն ինչո՞ւ հենց հիմա շնորհակալություն հայտնեց» վարչապետին:
«168 ժամը» նշելով Հայաստանում վերջին տարիներին գրանցված աղքատության մակարդակի 8 տոկոսային կետով աճը, թերթի բնորոշմամբ` «աբսուրդային հնչող» եզրակացության է հանգել. իբր «մարդկանց ավելի քան մեկ երրորդը պոտենցիալ կաշառք վերցնողներ են» և, ուրեմն, «սոցիալական վիճակի վատթարացումը… ամրապնդում է իշխանության վերարտադրության հնարավորությունները» («Որքան վատ, այնքան լավ»): «Իրավունքը» անդրադարձել է Հայաստանում կենդանիների պատվաստանյութերի փորձաքննության իրականացման հնարավորությանը` ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի ղեկավար Խաչիկ Սարգսյանի: «Երկիրը» հայտարարել է, թե «ձվի շուկան ամենառիսկայինն է», փոխանցել է, որ շուկայում հայտնաբերված «առանց մակնշման և ժամկետանց ձվերը» ներմուծել է «Աշոցք» կազմակերպությունը և, այդուհանդերձ, հանգել «ուրույն» եզրակացության` «Վերահսկում են ընտրողաբար»: «Հայացքը» մեկնաբանել է օրաթերթի «Թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից» հոդվածին (ՎՊ-ի կատարած բացահայտումների վերաբերյալ) Ֆինանսների նախարարության անդրադարձը («Ֆինանսների նախարարությունում ձրի առյուծի կա՞թ են բաժանում»), «Հայկական ժամանակը» վերստին արձագանքել է Գյումրիի տեխնոպարկի թեմային, «Հայկական տեխնոհեքիաթ», «Հրապարակը»` գյուղնախարարի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ երեկվա հանդիպման առիթով իր հանգույն հարցրել, թե վերջիններս «ինչ կապ ունեն գյուղի, գյուղացու և նրա ստացած բերքի հետ»:
Ըստ «Օրակարգի» 2011թ. Հայաստանից «ֆինանսական միջոցների արտահոսքն աճել է 22.4 տոկոսով», ինչը «վկայում է, որ ներքին տնտեսությունում բիզնես միջավայրը… այնքան էլ գրավիչ չէ հայրենի տնտեսվարողների համար»: