ուրբաթ, 13 ապրիլի 2012
Այդ քաղցր բառը` «քարոզարշավ…»
Նույնիսկ կառավարության երեկվա նիստում «Երկիրը» քարոզարշավի տարրեր է նկատել, իսկ վարչապետի ներածական խոսքը այնքան է շլացրել այս թերթի թղթակցին, որ նա տարակուսել է` «Էս ո՞ր երկրի մասին է»: Ի տարբերություն «Երկիրի» «Ազգը» հավատում է բարեփոխման ընթացքն ամփոփող վարչապետի ելույթին, բայց կտրականապես հրաժարվում է հավատալ, որ «Ես գիտեմ» ակցիան դրական արդյունք է տալիս` «Վարչապետը գոհ է «մի մեծ քարոզարշավից», իսկ քաղաքացիները լսում են ընդամենը, որ «դժվարը հեշտացել է»: «Օրակարգի» փոխանցմամբ սասանվել է նաև Ասիական զարգացման բանկի հավատը. այն «նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը»: Մնացածը` ինչպես միշտ. «Համախառն ներքին արդյունք` «ներքին ձայնի համատեքստում», «Վալլեքսի» շահերը և բնապահպանության նախարարության «թանկարժեք» լռությունը» («Հայաստանի զրուցակից»), «Կառավարությունը (ըստ Արա Նռանյանի) վարում է բանկիրի հոգեբանությամբ քաղաքականություն» («Օրակարգ»), «Տնտեսական աճի խթանումը զոհ է գնում գնաճի զսպմանը. պատճառներն առավելապես քաղաքական են» («Ազգ»):
Քարոզարշավը յուրովի է գնահատել Նարինե Մկրտչյանը: Ապավինելով Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկի զգայական ներգործությանը, նա մեզանում տեղի ունեցող նախընտրական գործընթացները համեմատում է «մոլեխաղի» հետ («ՀԺ»): «Ընտրարշավ» բառի օգտագործման գայթակղությանը չի դիմացել նաև Իգոր Մուրադյանը` «Կառավարող վարչակազմը պետք է խույս տա ընտրարշավի անցկացման առավել կոպիտ եղանակներից» («Իրատես դե ֆակտո»): Թեմայի ժամանակավոր վերջակետը դնում է «500 ձայն» հետազոտական խումբը, որը «Հայացքի» միջոցով ավետում է կոալիցիոն կուսակցություններից մեկի հաղթանակը… եթե ընտրությունը կայանալիս լիներ այս կիրակի:
Եթե փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը դրական է գնահատում մեր երկրում ռուսական ռադիոլոկացիոն հզոր կայան կառուցելու հնարավորությունը («Հայոց աշխարհ»), ապա Արտաշես Գեղամյանը ընտրարշավի համատեքստում ընդհանուր աշխարհաքաղաքական վերլուծություն է կատարում` «Հայաստանից Ռուսաստանը դուրս մղելու գործընթացի մեկնարկը տրված է» («Իրավունք»):
Ինչպես վերջին բոլոր օրերին, այնպես էլ այսօր տպագիր մամուլի էջերից չի իջնում ռեկտոր-նախարար զույգը. «Հիմա ո՞վ է իրավական առումով ապիկարը» («Հրապարակ»): Մխիթարականն այն է, որ եթե դատաքննությունը պարզի, որ դա ռեկտորն է, ապա նա պարտավորվում է վերադառնալ «դասախոսական և գիտական գործունեությանը», ակնկալելով, որ նախարարի պարտության դեպքում նա «վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ»:
Քաղաքի և երկրի գլխավոր հրապարակի արձանի թափուր տեղը լրացնելու առաջարկները չեն դադարում: Այս անգամ իր մտքերն է ընթերցողին փոխանցում ճարտարապետ, նկարիչ Էդվարդ Վանեսքեհյանը («Հրապարակ»):