ուրբաթ, 20 ապրիլի 2012
Ընտրակաշառքի ուրվականը
Այն հաստատապես սավառնում է «Ժողովուրդի» գլխավերևում, որովհետև այս թերթը կառավարության «վերջին շրջանի» անխտիր բոլոր որոշումները ընտրակաշառքի դրսևորում է համարում: Բացառություն չէ երեկվա նիստը. փողոց է նորոգվելու` ընտրակաշառք է, մինչև մայիսի 1-ը տրվող ջուրն անվճար է (ի դեպ, այդպես է եղել վերջին բոլոր տարիներին)` ընտրակաշառք է, Մինասի հերթական որմնանկարն է վերականգնվելու` ընտրակաշառք է… «Երկիրը» նույնպես անդրադառնում է նիստի օրակարգային հարցերին, սակայն այս թերթի մտահոգությունն այլ է` «Չնայած աղմուկին` կառավարությունն անսասան է»:
Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարաձգելու և ՀԱԷԿ-ի աշխատակիցներին սոցփաթեթ հատկացնելու խնդիրները հանգամանորեն շարադրել է «Հայաստանի Հանրապետությունը»: Սակայն «ՀԺ»-ի կարծիքով վիճակն «ավելի վատ է, քան գիտեինք». անորոշ է նոր ատոմակայանի կառուցման ժամկետը, ուստի «ստիպված ենք լինելու գործող ատոմակայանի կյանքն անվերջ երկարացնել»:
Նախընտրական նյութերի առատ հավաքածուում ուշագրավ է Էդուարդ Շարմազանովի «Գրեթե ամեն ոք կամաչեր ստախոս անվանակոչվելուց. Օսկանյանի «Մյունհաուզենյան» արկածախնդրությունը» հոդվածը «Առավոտ» թերթում:
Մամուլը համառորեն հրաժեշտ չի տալիս Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի թեմային: «Իրատես դե ֆակտոն» հանդես է եկել միանգամից երկու նյութով` «Զոլավո՞ր, թե զորավոր թատրոն» և «Թթվի քարի նման»:
«Դելովոյ էքսպրեսն» արտատպել է ՀՀ վարչապետի հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետային»:
«Ազգը» գրել է, որ երեկ տեղի ունեցած ընդհանուր ժողովում ԳԱԱ-ն ամփոփել է 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, «Օրակարգը» «խորհրդածել», թե «կառավարությունը մոռանում է մի շատ կարևոր ճշմարտություն` ցանկացած բնագավառում եկամուտ ակնկալելու համար անհրաժեշտ է ներդրումներ անել» («Հաջողության պատմությունների գինը»): «Հայաստանի զրուցակիցում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսության կառավարման համակարգի ձևավորման հիմնահարցին` խորացող համընդհանուր ֆինանսական ճգնաժամի «լույսի ներքո»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը, նաև «Ռեսպուբլիկա Արմենիան», քննության է առել փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրները «տնտեսությունից մինչև քաղաքականություն»: Ըստ «Օրակարգի» թեև Հայաստանը «շարունակում է գտնվել նվազ և միջին պարտքային բեռ ունեցող երկրների շարքում», այդուհանդերձ երկրի «ՀՆԱ-ն չի հասցնում պարտքի հետևից» («Ռուսականը ծանրանում է»): Երկու այլ հրապարակումներում թերթը տեսակետ է հայտնել, որ «առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ… կունենանք 2-3 տարի հետո» և… այդուհանդերձ որոշել, թե «Էլեկտրոնային առողջապահական համակարգի հեռանկարները դեռ անորոշ են», նաև փորձել ներկայացնել, թե «ինչո՞ւ է հայկական գինեգործությունը դոփում տեղում» («Գինի խմելու պահը»):
«Իրատես դե ֆակտոյում» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված նամակում Նորատուս համայնքի բնակիչ Վասիլ Հակոբյանը նշել է գյուղոլորտում առկա հիմնախնդիրները և դժգոհել, որ «գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ստանում, քան վերավաճառողը», «Հայացքը»` հռետորաբար հարցրել` «Հարգելի «Լույսի պես մաքուր» կուսակցություն, գյուղնախարարներիդ օրոք այս ի՞նչ է կատարվում»: «Հայոց աշխարհը» արձանագրել է, որ «տևական ժամանակ է, ինչ դրամը դանդաղ թուլանում է» և փորձել բացատրել` «Տարօրինա՞կ է արդյոք դոլարի արժևորումը». «Դելովոյ էքսպրեսը» պարզապես առաջադրել է հարց. «Պե՞տք է արդյոք Հայաստանին ազգային արժույթ»: