չորեքշաբթի, 25 ապրիլի 2012
Ըստ իր պատկերի և նմանության…
«Հրապարակի» խնդրանքով Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «ապագա կառավարության իր տեսլականը»: Պատկերացնելով, որ «ինչ-որ հրաշքով» իր կարծիքը հաշվի է առնվելու կամ վճռորոշ է լինելու կառավարության ձևավորման հարցում, այս գործիչը հատված առ հատված և ոլորտ առ ոլորտ վերացնում-անջատում-միացնում է նախարարություններ ու գերատեսչություններ, ազատում-նշանակում պաշտոնյաների… Հետո՞: Հետո հրաշքն ավարտվում է, մնում է իրականությունը: Իսկ իրականում կառավարությունն ու մասնավոր հատվածը ճշգրտել են համատեղ գործողությունները և Արդյունաբերության խորհրդի նիստում օրերս ստորագրել համապատասխան փաստաթղթեր, որոնք միտված են արտադրության և արտահանման կայուն աճին, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների որակի և մրցունակության բարձրացմանը («Ռեսպուբլիկա Արմենիա»):
Մամուլը շարունակում է դժգոհել ոստիկանության ՃՈ ծառայության ավտոմեքենաների Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատանքից. «հերթերը ոչ միայն չվերացան, այլև ավելի բարգավաճեցին» («Երկիր»):
«Առավոտը» սկսել է իր անդրադարձը կուսակցությունների նախընտրական ծրագրերի կրթամշակութային հատվածներին` «ՀՀԿ-ն գտել է Աստծո հետ կապը, ԲՀԿ-ն` արվեստագետի վարկը բարձրացնելու, իսկ ՀՅԴ-ն` բարոյական երկիր կառուցելու ճանապարհը», «Ժողովուրդն» էլ նկատել է նախընտրական քարոզարշավի պոպուլիստական նրբերանգները: «Ընտրությունները թանկ հաճույք է» հավաստում է «Հայոց աշխարհը»` բացահայտելով կուսակցությունների և անհատ թեկնածուների նախընտրական հիմնադրամների «պարունակությունը»:
«Առավոտի» փոխանցմամբ ԲՀԿ առաջնորդը զրույցներում Հմայակ Հովհաննիսյանին անընդհատ զգուշացնում է, որ ՀՀԿ-ի հանդեպ «պետք է լինել զուսպ և կասկածի տակ չդնել իրենց գործընկերային հարաբերությունները»: