շաբաթ, 28 ապրիլի 2012
«Մերն ուրիշ է եղել…»
Բագրատ Ասատրյանը, պատասխանելով «Ժամանակի» հարցին, թե ո՞ր նախընտրական տնտեսական ծրագրին է նախապատվություն տալիս, ազնվորեն հայտարարում է. «Բնականաբար չեմ հրաժարվի քաղաքական նախընտրություններիցս և առավել նախընտրելի եմ համարում ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը»: Հիշեցնելով, որ այդ ծրագրի հիմքը Հրանտ Բագրատյանի «100 քայլն» է, «Գոլոս Արմենիին» ցավում է, որ մինչև օրս «նախագահի և կառավարության թիմի» ոչ մի տնտեսագետ-վերլուծաբան ցանկություն չունեցավ բացահայտել այդ գործչի «թվային աճպարարությունը»: Հոդվածի հեղինակ Բենիամին Միրզոյանը չի կարողանում անտարբեր շրջանցել այն վրդովեցուցիչ փաստը, որ «մեր հզոր տնտեսությունը կործանողները», մնալով անպատիժ, այժմ նույնպես իշխանության ձգտելով, պահանջում են ՀՀ նախագահի և կառավարության հրաժարականը: Հոդվածագիրը ներկա և նախկին տվյալների համեմատականով ապացուցում է, որ «Բագրատյանի նախընտրական աճպարարությունն է լևոնական կոնգրեսի ծրագրի հիմքը»:
Ինչպես միշտ, խոսուն են նախընտրական նյութերի վերնագրերը. «Ազգային դակիչ» («Ժողովուրդ»), «Ո՞ւմ հետ է ԲՀԿ-ն դիտելու ձայնագրությունները» («168 ժամ»), «Հուսո գարուն» («Հայացք», ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը` հատվածաբար), «Մենաշնորհատեր թեկնածուները», «Ո՞վ պետք է լինի նոր կոալիցիան» («Ժամանակ»), «ՕԵԿ-ը խորհրդարան չի մտնի» («Հժ»), «Չեն հեռացրել` հեռացել է» («Առավոտ»): Այս թերթը նաև տեղեկություն ունի, որ «նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում գործադիր իշխանության քննադատությամբ լի հոդվածները ողողելու են մամուլը»:
Չնայած նախընտրական վերջին շաբաթը չէ, սակայն քննադատության հերթական «ալյակների» քչքչոցն արդեն լսվում է: «Միս ու արյուն ստացող Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության մեկնարկը («ՀՀ») կասկածով է ընդունում «Երկիրը»` «… հարկ կլինի ևս կես միլիարդի վարկային միջոցներ ներգրավել» և ընդհանրապես մերժում է «ՀԺ»-ն` «Իսպանական «ատկատ»: «Հրապարակի» հոդվածագիրը «բոլորովին չամաչելով» և «թերթի գլխավոր խմբագրի լուռ, հազվադեպ` խոսքի վերածվող ուղղորդմամբ» այս անգամ էլ է ամփոփում տնտեսական շաբաթը` «ամենածանր մահակը» կիրառելով իշխանությունների հանդեպ («ընդդիմությանը «քոթակելու» հերթը կգա այն ժամանակ, երբ ի′նքը իշխանության կլինի»):
«168 ժամը» հերթական հոդվածն է նվիրում Երևանի Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի բնակիչների հոգսերին ու խնդիրներին` «Հանրակացարանն ապօրինաբար սեփականաշնորհել են», իսկ «Հայոց աշխարհը» հռետորական հարց է ուղղում հանրությանը` «Ո՞վ ես դու, միջին խավ»: