երեքշաբթի, 8 մայիսի 2012
Նա դեմ է, այն էլ՝ կտրականապես
Խոսքը վերաբերում է Վարդան Օսկանյանին, իսկ նա կտրականապես դեմ է ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիային («Օրակարգ»)։ Բոլորովին վերջերս այս գործիչը ցնցվել է, երբ իմացել է, որ Հանրապետության հրապարակի ողբերգական միջադեպից հետո ոչ միայն ելույթ է ունեցել ՀՀԿ առաջնորդը, այլև շարունակվել է համերգը։ «Առավոտի» էջերում Արտաշես Գեղամյանը այդ «ցնցումը» բնորոշում է իբրև սև PR, որի նպատակն էր «սևացնել ՀՀԿ-ն և հանրապետության նախագահին» («Այ, այ, այ, Վարդան Մինասիչ, բա սազե՞ց»)։ «Գոլոս Արմենիին» էլ, համեմատելով նախկին արտգործախարարի պահվածքը 2008-ի մարտի 1-ին և այժմ, եզրակացնում է. «…Վարդան Օսկանյանը պարզապես վտանգավոր է հասարակության և պետության համար»։ Հակառակ կարծիքի է «Առավոտի» գլխավոր խմբագիրը՝ «Եթե կառավարությունը կատարի ոչ խելամիտ քայլ», ապա «նույն Օսկանյանը» և ևս մի շարք նախկին գործիչներ «պառլամենտական կոռեկտության սահմաններում պետք է ցույց տան ճիշտ ճանապահը»։ Օսկանյանի «հարցը» առանձին քննարկելու պատրաստակամություն է հայտնել նաև «Իրատես դե ֆակտոն», որի կանխատեսմամբ «անկախ կոալիցիայի ստեղծում-չստեղծումից, Տիգրան Սարգսյանը կմնա»՝ «Մնաց վարչապետի, կոալիցիայի հարցը»։ «Ժամանակն» իր հերթին վերաբաշխել է կառավարության պորտֆելները՝ «Օհանյանը՝ վարչապետ, Գասպարյանը՝ Պնախարար»։ «168 ժամը» տեղեկություն ունի, որ ՀՀԿ շտաբի պետն իր համախոհներով կողմ է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, իսկ վարչապետն իր համախոհներով՝ դեմ։
«Ժամանակը» փոխանցել է Բագրատ Ասատրյանի հետընտրական կարծիքը՝ «օլիգարխիկ համակարգը այսուհետև ևս պետք է իշխող լինի Հայաստանում», ինչպես նաև Հրանտ Բագրատյանի կանխատեսումը՝ «2011թ. կլինի դրամի լուրջ արժեզրկում»։ Կյանքը «դեպի վատը» փոխվելու կանխազգացումն ունի նաև «Հայկական ժամանակը», իսկ «Երկիրը» անմիջական կապ է տեսնում «այս տարվա հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների» և «արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իշխանական հավաստիացումների» միջև։ «Իրավունքը» իր ընթերցողին պարզաբանում է, թե «Ի՞նչ են խոստանում Հայաստանի տնտեսությանը ԱԺ ընտրությունները», իսկ «Հայոց աշխարհը» («Խոշոր գործարարների թիվը կրճատվել է»), «Օրակարգը» («Խոշորները բանկերի հաշվին», «Անշարժն էժանանում է») և «Դելովոյ էքսպրեսը» («Պարտադիր չէ, որ Հայաստանը հրաժարվի տրանսֆերտներից») արձանագրում են տնտեսական կյանքի հերթական իրողությունները։