շաբաթ, 19 մայիսի 2012
Լավատեղյակության առավելությունը
Մինչ տպագիր մամուլի ճնշող մեծամասնությունը շարունակում է ուժերը փորձել գուշակության ոլորտում` «Կոալիցիա մտնելու համար ԲՀԿ-ն պահանջում է վարչապետի հրաժարականը» («Հրապարակ»), ըստ մամուլի տեսության «մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են` Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը» («Առավոտ»), «Հավատում են, բայց չեն կարողանում փոխ(վ)ել» («168 ժամ»), «Ինքնաբացարկներ» («Հայացք»), «ՀՀԿ-ն հիշեցնում է ԲՀԿ-ին», որ կոալիցիոն գործող հուշագիրն ստորագրող կուսակցությունները պարտավորվել են 2013թ. ընտրությանը սատարել ՀՀ նախագահին («Ժամանակ»), «Ժողովուրդի» «լավատեղյակ աղբյուրների» փոխանցմամբ ՀՀԿ-ում «արդեն որոշված է, թե ովքեր են լինելու ԱԺ պատգամավոր»: Թերթը նույնիսկ հրապարակել է նրանց ցուցակը:
Նույն «ժողովուրդը» հայտնում է, որ ՀԱԿ-ի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ոչ թե Հրանտ Բագրատյանը, ում «իր մանդատը զիջեց Լ.Տեր-Պետրոսյանը», այլ Լևոն Զուրաբյանը: Ինչ էլ լինի, «Գոլոս Արմենիին» կանխավայելում է Բագրատյանի մոտալուտ ելույթները երկրի գլխավոր ամբիոնից` «Հր. Բագրատյանի երկրորդ գալուստը»:
«168 ժամը», «լարելով իր հիշողությունը» մտաբերել է, որ ՀՀԿ որդեգրած «հավատի և փոփոխության փիլիսոփայության սկիզբը» դեռևս 2008-ի ապրիլին դրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հենց այս թերթին տված հարցազրույցում` «Իշխանությունն ունակ է միայն հնչյունափոխության»: Ինչ վերաբերում է կառավարության նախորդ նիստում վարչապետի ունեցած խիստ ելույթին, ապա դրա պատճառը, ըստ «ՀԺ»-ի, այն էր, որ «ՀՀ պետական բյուջեն չի կատարվում»: Տնտեսական տարբեր խնդիրների են անդրադարձել «Հրապարակը» («Տնտեսական շաբաթ կամ վերջացող ազգ ենք»), «Երկիրը» («Վարկեր», «Ի՞նչ ենք առաջարկում զբոսաշրջիկներին»), «Հայացքը» («Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները` մեծ սպառնալիք. մասնագետների հորդորով վարչապետը հետ է կանչել օրենքի նախագիծը»), «Գոլոս Արմենիին» («Տեխնոպարկի դժվարին ուղին»):
«ՀԺ»-ն հոդված է նվիրել ՀՀ պետեկամուտների կոմիտեի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «հակամարտությանը», իսկ «Հայոց աշխարհը» կարծիք հայտնել, որ «հարկային-մաքսային համակարգի տրոհումը», ինչն, իբր, վարչապետի մտադրությունն է, «այս պահին կարող է ռիսկային լինել պետբյուջեի եկամուտների ապահովման առումով»:
Լսելով, որ Լոնդոնի ֆոնդային բորսայում վաճառքի են հանվել «Վրաստանի երկաթուղիների» բոլոր բաժնետոմսերը, Դավիթ Շահնազարյանը «Ժամանակի» միջոցով կարծիք է հայտնել, որ «Հայաստանն ուղղակի պարտավոր է առանց հապաղելու ձեռք բերել դրանք. սա ոչ թե տնտեսական, այլ մեր պետության անվտանգության կարևորագույն խնդիր է»,- ասել է անվտանգության ծառայության նախկին ղեկավարը:
Հերթական մամուլի ասուլիսում Արմեն Մազմանյանը ըստ «Առավոտի» հաստատել է, որ տուրիստական մասնավոր բիզնես ունի, որի հետ, սակայն, կապ չունի մշակույթի նախարարը: «Կա նաև կառավարության աջակցությունը»,- հավելել է ռեկտորը և դժգոհել, որ «հակառակի պես միշտ կառավարություն են «տանում» իր ընկերներին, ինչը անհարմարություն է ստեղծում թե′ նրանց, թե′ իր համար. «Օրինակ` վարչապետը, Հասմիկը…»: Եվ այլն: