չորեքշաբթի, 30 մայիսի 2012
Վերջին վրձնահարվածները
Այո, մամուլը վերջին վրձնահարվածներով ամբողջացնում է Ազգային Ժողովի և կառավարության տեսքը: «Առավոտը» կրկին փոխանցում է ՀՀԿ մամուլի խոսնակի ասածը` այսօր կայանալիք գործադիր մարմնի նիստում «կհստակեցվեն հիմնական կադրային հարցերը,... գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվում»: «ԱԺ ղեկավարությունը և կառավարությունը գրեթե չեն փոխվի» երկրորդում է «Հրապարակը», իսկ ահա «Հայացքի» «հավաստի տվյալներով» Երևանի նախկին քաղաքապետին նախագահականում առաջարկվել է վարչապետի պաշտոնը, սակայն նա անիմաստ է համարել 7-8 ամսվա համար «վարչապետոտվել»: «Ժողովուրդի» ոչ պակաս «լավատեղյակ աղբյուրների» փոխանցմամբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել Վիկտոր Դալլաքյանը: Սամվել Նիկոյանին էլ, իբր, առաջարկվել է բնապահպանության նախարարի աթոռը, որից, սակայն, ԱԺ նախագահը հրաժարվել է: «Հրապարակի» գլխավոր խմբագրի դիտարկմամբ «Հայաստանը վերածվել է փոքրիկ մի երկրի, որտեղ շատ մեծ թվով մարդիկ պատգամավորի, նախարարի, վարչապետի, անգամ նախագահի ամբիցիաներ ունեն»: «ՀԺ»-ն, ինչպես միշտ, ծարավի է անակնկալի, և Արծվիկ Մինասյանի հետ քննարկում է այն հարցը, թե հնարավո՞ր է, որ ԱԺ հայտնի և նոր ձևավորվելիք ընդդիմությունը տապալի նոր կառավարության նոր ծրագիրը: Պատգամավորը, բարեբախտաբար, զսպում է թղթակցի երևակայության թռիչքը և հորդորում չշտապել… Շատ ավելի բարեհոգաբար է տրամադրված «Հայոց աշխարհը», որի գլխավոր խմբագրի համար «կառավարության կազմը տասներորդական հարց է»:
ԲՀԿ-ի նոր` ընդդիմադրի առինքնող կերպարը շարունակում է անընկալելի մնալ քաղաքական դաշտի մամուլի հատվածի համար. «Ծառուկյանը գաղտնի կպահի կոալիցիայի մաս չկազմելու պատճառները» («Ժողովուրդ»), «ԲՀԿ-ի «թափորը» գնում է «ընդդիմությո՞ւն» («Իրավունք հետաքննություն»):
Կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է «նորին մեծություն» դոլարը. «Դոլարի թանկացումը Օբամայի «ձեռքի գործն է», համոզված է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը» («Առավոտ»), «Դրամի արժեզրկումը սեզոնային է» («Երկիր»), «Դրամը «չի հանգստանում» («ՀԺ»), «Արժեզրկվել, թե չարժեզրկվել….» («Օրակարգ»): Այս թերթը նաև տեղեկացնում է, որ «Իտեռա»-ն հետաքրքրված է «Նաիրիտով» («Աուդիտը սկզբունքային է»), և որ «համաշխարհային առևտրում երկրների ներգրավվածության ցուցանիշով Հայաստանը հետընթաց է ապրում»:
«Էլեկտրոն» գործարանում երեկ տեղի ունեցած պայթյունը «Հայացքը» բացատրում է այն հանգամանքով, որ «ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղում իրենց պարտականությունները թերի են կատարել կամ չեն կատարել, ուստի «պայթյունները կարող են շարունակվել»:
«Հայոց աշխարհը» առաջիկայում հրավիրվելիք «Դիջիթեք» գործարար համաժողովը գնահատում է իբրև գործարարների հետ շփվելու անմիջական հնարավորություն: