հինգշաբթի, 7 հունիսի 2012
Շուկայի «թելադրանքը»
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է հայաստանյան «ներքին շուկայի մատչելիության» դրական և ոչ դրական կողմերին, նաև կարևորել պարենային ապահովության մակարդակի բարձրացման, սննդամթերքի անվտանգության ու ինքնաբավության անհրաժեշտ մակարդակի ապահովման նպատակով կառավարման ոլորտի արդիականացման խնդրի լուծումը («ՀՀ-ն` ամենաբաց երկրների շարքում»): «Օրակարգի» փոխանցմամբ «Հայաստանն ու Իրանը վերաբեռնում են էներգետիկ ծրագրերը», «ոչ թե անցում են կատարում շինարարության» փուլ, այլ վերադառնում են «քննարկումներին և խոստումներին»: «Հայոց աշխարհը» շարունակել է Արտաշես Գեղամյանի «Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղենիշների» հրապարակումը:
«Ազգը» («Դրամի արժեզրկումը սարսափելի չէ»), «Օրակարգը» («Դրամի արժեզրկումը հիվանդագին չտանել. խորհուրդ է տալիս Բագրատ Ասատրյանը») և «168 ժամը» («ՀՀ-ն կարող է կորուստներ կրել») ներկայացրել են մանրամասներ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի երեկվա մամուլի ասուլիսից: Մի այլ հրապարակման մեջ «Օրակարգը» նաև հավելել է, որ «Եվրամիությունում և Ռուսաստանում եվրոյի ու ռուբլու արժեզրկումը շարունակում է ճնշումներ ստեղծել Հայաստանի արտարժութային շուկայում», և առկա «միտումների պահպանման դեպքում լուրջ ռիսկեր են ստեղծվում… բանկային համակարգի համար»: Թեմային արձագանքել են նաև «Հայոց աշխարհը» («Դոլարի թանկացման գնաճային ազդեցությունը»), «Երկիրը» («Մեծ վնասներ դրամի արժեզրկման փուլում»), որը մի այլ հրապարակման մեջ էլ գրել է, թե «պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով» հատկապես աճել է «պետության կողմից բարձր տոկոսադրույքներով թողարկվող պարտատոմսերի ծավալը» («Զարկ են տվել պարտատոմսերի թողարկմանը»): «Բյուջեն տապալում են» և «Թերհավաքագրումը ավանդույթ է դառնում» հայտարարել է «Օրակարգը» ըստ անցած հինգ ամիսներին ՊԵԿ-ի կողմից ապահովված մուտքերի ծավալների «սեփական մեկնաբանության»: «Ժողովուրդը», ինչպես միշտ, ուշագրավ խորագրով է մեկնաբանել Բրյուսելում եվրոպայի, թուրք և ադրբեջանցի լրագրողների հարցերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները` «Ինչպես միշտ», ինչին «ըստ ճաշակի յուրյանց» միացել են «Երկիրը» («Դանդաղ շտապողը»), «Հայկական ժամանակը» («Տեր վռա՜զն ենք, ի՜նչ ենք»), «168 ժամը» («Հավատանք, որ լռվենք»): «Հրապարակը» տեղեկացրել է, որ «կառավարության ձևավորումը պետք է ավարտվի մինչև հունիսի 15-ը», «Ժամանակը»` ներկայացրել կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի նկատառումը, թե իբր «շարունակվող բնապահպանական քաղաքականությունը ծրագրված է պետության և ժողովրդի դեմ»: