երեքշաբթի, 12 հունիսի 2012
Կառավարության ձևավորման «սրտամաշ մարաթոնը»
Գործընթացի բնութագրումը «Հրապարակինն» է և վկայում է, որ մամուլի նյարդերը պրկված են, իսկ լարվածությունը կարող է թուլանալ կառավարության վերջնական ձևավորումից հետո միայն: Թեմաները «կյանքային» են` «Օջախ» ռեստորանի հարսանիքը, որին չի մասնակցել ոչ մի ԲՀԿ-ական, ՀՀ ԱԺ նախագահի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին և նրա այն միտքը, թե չի բացառվում, որ նախագահի առաջիկա ընտրությունից հետո ԲՀԿ-ն վերադառնա կառավարություն («Ժողովուրդ»), ՀՀ վարչապետի հնարավոր հանդիպումը ՀԱԿ ներկայացուցիչների հետ («Հայացք», «Երկիր», «Հրապարակ»), արդեն տեղի ունեցած հանդիպումները («Ժամանակ», «Նովոյե վրեմյա»), իշխանության բանաձևը ըստ ՀՀ փոխվարչապետի («Ժողովուրդ») և այլն: ՀԱԿ-ն իր հերթին ավետում է, որ նոր կառավարության գնահատականը կտրվի հունիսի 26-ի հանրահավաքում («Առավոտ»):
«Գոլոս Արմենիին» կառավարության առջև ծառացած հարցերը քննության է առնում մի շարք նյութերում. «Նորացված վարչապետի հին խնդիրները», երկրի «ռազմարդյունաբերական օրակարգը», արդյունաբերության, այդ թվում իբրև հակաճգնաժամային դեղատոմս` ձեռագործ գորգագործության շուտափույթ վերածնման առաջարկը:
«Հայկական ժամանակը» շարունակել է կառավարության 2008-2012թթ. ծրագրին «ըստ ճաշակի յուրո անդրադարձը» թերթի բնութագրմամբ` «կառավարության նոր ներկայացվելիք ծրագրին ընդառաջ», նաև պնդել, թե իբր կառավարությունն այդ տարիներին «տապալել է Հայաստանի տնտեսական զարգացման իր իսկ ներկայացրած տեսլականը» («Մի′ խոստացիր»): «Օրակարգը» անդրադարձել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի օրերս կայացած նիստի մանրամասներին, նշել, որ «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսված գումարի (400 մլն դոլար) տրամադրման հարցը չի քննարկվել, նաև «չի բացառել», որ «Հիմնադրամում այդքան էլ վստահ չեն վարկի ծախսման արդյունավետությանը»:
«Ո՞վ է թաքնված Ամուլսարի աղմուկի «ետևում», հարցրել է «168 ժամը»` անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեմ օրեր առաջ կազմակերպված ակցիայի մանրամասներին և հընթացս շրջանառվող լուրերին: «Հրապարակը» տնտեսական ոլորտին իր անդրադարձը խորագրել է «Տնտեսական շաբաթ կամ երկիր ունենք` աշխարհը չունի», «Երկիրը»` ներկայացրել «Հրայր Մարուխյան» Հիմնադրամի կազմակերպած «Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան» գրքի շնորհանդես-քննարկմանը մասնակցող գերմանացի տնտեսագետ ու նախկին պետնախարար Քրիստոֆ Զոփելի նկատառումը, թե ` «ձեր երկրում բնակչության մոտ 40 տոկոսն ապրում է աղքատության շեմին, և այդ պայմաններում ինձ համար անհասկանալի է օլիգարխների գոյությունը»:
Մամուլում արդեն իսկ «շատ ջուր է վերցրել» «Սիվիլիթասի» թեման. «Հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա» («Օրակարգ». «Առավոտի» վերնագիրը նույն ձևակերպումն ունի, բայց հարցական նշանով), «Պատվերի ու խաղի եզրագիծը» («168 ժամ»), «Իսկ Էդվարդ Նալբանդյանը չի՞ «լվանում» («ժողովուրդ»), «Քաղաքական պատվե՞ր» («Հրապարակ»):