հինգշաբթի, 21 հունիսի 2012
Պառլամենտի «հոտը»
ԱԺ երեկվա քննարկումից պառլամենտի «հոտ» է առել ոչ միայն «Հրապարակը», որի կարծիքով այս ԱԺ-ն «հաստատ ավելի լավն է»: «Խորհրդարանի նիստերի դահլիճում վաղուց քաղաքական ու ծրագրային քննադատություն և գնահատականներ չէին լսվել»,- գրում է «Օրակարգը»: «Գոլոս Արմենիին» և «Նովոյե վրեմյան» արձանագրում են նոր խորհրդարանի առաջին «բուռն» բանավեճերը, «168 ժամը»` որ «կենացները քաղցրանում են»: Պակաս խոսուն չեն մյուս վերնագրերը. «Խոշոր բիզնեսը բերել թափանցիկ դաշտ. վարչապետը խոստովանում է, որ բիզնեսի համար հավասար պայմաններ չկան», «Դուք չեք ընդունում ձեր սխալները. Վարդան Օսկանյանը` վարչապետին» («Օրակարգ»), «Ինչպես ջախջախեցին վարչապետին» («ՀԺ»), «0 գնահատական կառավարությանը», «Վարչապետի բմբուլները քամուն տվեցին», «Վարչապետի աթոռի կռիվը շարունակվում է» («Ժողովուրդ»), «Որքանով է ենթակա կատարման կառավարության ծրագիրը», «Սա ձեռքերը լվացողի ծրագիր է» («ՀԱ»), «Զարգացման գերակայություններ» («ՀՀ»), «Այս ծրագիրը չի կարող նույնիսկ 7 տոկոս աճ ունենալ»(«Առավոտ»),«Ծրագրերը ուղարկեք աղբանոց» («Ժամանակ»): «Հրապարակի» դիտարկմամբ ընդդիմությունը կառավարության ծրագրին դեմ է «նախորդի ձախողման հիմնավորմամբ»: Պատասխանելով նույն թերթի հարցերին, Վարդան Բոստանջյանը անթույլատրելի է համարում «կառավարության զուտ ծրագրի վերաբերյալ կտրականապես արտահայտվելը»: «Ազգը» առանձնացնում է տնտեսության իրական հատվածի զարգացման առաջնահերթությունը, որին զուգահեռ պետք է լուծվի աղքատության խնդիրը:
Ըստ «Հրապարակի» նորանշանակ նախարարները, «համապատասխան կադրային փոփոխություններ իրականացնելու» նպատակով, «ուշի-ուշով ուսումնասիրում են աշխատակիցների կենսագրությունները» («Դումանյանը նախարարն է, որդին` ԾԻԳ-ի տնօրենը»): «Երկիրը» գրել է, թե կառավարության օգնությամբ Հայաստան ներկրված ցորենի սերմացուն «ամենևին էլիտար չէ», և թե «Արարատյան հարթավայրի մի շարք հողօգտագործողների «գաճաճ» ցորենի» բերքահավաքի հարցի լուծումը «մնում է միայն գուշակել» («Ինչպես կհնձեն «էլիտար» ցորենը»): «168 ժամը» հավելել է, թե այս օրերին «գյուղացու ամենամեծ հոգսերից մեկը մատչելի գնով պարարտանյութ գնելն է», քանի որ կառավարության կողմից էժան գնով հատկացված պարարտանյութը քիչ է, մինչդեռ ոլորտի մասնագետների համոզմամբ` «տեղի է ունենում հողերի դեգրադացիա, բերրիության տևական անկում» («Կառավարությունն է որոշում` ովքեր են ներկրելու պարարտանյութերը»): «Օրակարգը» արձագանքել է ԱՎԾ երեկ հրապարակած` ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին («Ընտրությունները խթանել են առևտուրը. տնտեսական ակտիվությունը շարունակել է թափ հավաքել»): Թեմային անդրադարձել է նաև «168 ժամը» («Լավատեսության մեկ օր») և նշել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի բարելավմամբ է պայմանավորված կառավարության վստահությունը, որ «այս տարի պետք է ունենանք 7% տնտեսական աճ»: «Գոլոս Արմենիին» քննության է առել Հայաստան ներկրվող մարդատար մեքենաների ոլորտի հիմնահարցերը («Շքեղության հարկ. հինգ ամիս անց»), «168 ժամը»` ներկայացրել «Դիջիթեք-2012» բիզնես ֆորումի ամենահետաքրքիր նորությունները: