շաբաթ, 23 հունիսի 2012
«Նրանց նպատակը վարչապետին չեզոքացնելն է»
Ձևակերպումը «Ազգինն» է, որը փաստում է, որ «ընդդիմադիր և «այլընտրանք» քաղաքական ուժերին «մանրուքները» չեն հետաքրքրում»: Եթե նոր ծրագրում նախատեսվող քայլերը կարողանան դրական փոփոխություններ առաջացնել երկրի տնտեսության մեջ, ապա այդ ուժերի վարկանիշը քաղաքական դաշտում նվազելու է, եզրակացնում է թերթը: Վերը նշված նպատակին հասնելու ճիգերը նկատելի են նաև այսօրվա մամուլում: Նախկին նախարար Արարատ Մկրտչյանն, օրինակ, կարծում է, որ «կառավարության ծրագիրը գրել է «էկոնոմիկայի նախարարությունում նստած մի չինովնիկ» («Առավոտ»), Վահան Հովհաննիսյանը այն մտքին է, թե «Թալանողները կառավարությունից ուժեղ են» («168 ժամ»), «Հրապարակն» ընդհանրապես չի հասկանում ծրագրի մի շարք մտքեր, «ՀԺ»-ն, խիստ ընդունելի համարելով կառավարության անողոք քննադատությունը, անընդունելի է համարում «90-ականների թեման» շոշափելը` «Թարգեք, ա′յ ախպեր»: Հրանտ Բագրատյանը, որին կառավարությունն այդպես էլ, բնականաբար, չի կարողացել համոզել («Երկիր»), իր գլխավոր խնդիրը «այս խորհրդարանում» համարում է… ցինիզմի դեմ պայքարը («168 ժամ»): Այս թերթին բնավ դուր չի եկել Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի գլխավոր քարտուղարի դրվատանքի խոսքը Հայաստանի տնտեսության մասին. «Հայաստանը միակ երկիրն է, որը կարողացել է հասնել հարկաբյուջետային ցուցանիշներին նախընտրական փուլում»: Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու թեման արծարծվում է հետևյալ ձևակերպումներով. «Ուրիշների օբյեկտնե՞րն եք ուզում «փրկել» («Առավոտ»), «Մի քանի միլիոնի «նվեր» էլցանցերին» («ՀԺ»), «Ծովը` ծնկներից» («Երկիր»): «Հայոց աշխարհի» զրուցակից Հովհաննես Սահակյանը «միանգամայն նորմալ է գտնում խորհրդարանում ծավալված քննարկումը, թերթի մեկ այլ զրուցակից` Արտաշես Գեղամյանը դեմ է, որ ծրագիրն ավելի կոնկրետ լիներ, քանի որ այդ դեպքում կնմանվեր «հնգամյա պլանի»: «ՀԱ»-ն փորձում է պատասխանել «սպառնո՞ւմ է Հայաստանին Հունաստանի ճակատագիրը» հարցին` նկատի ունենալով արտաքին պարտքի չափը. հարցին բացասական պատասխան է տալիս ֆինանսների նախարարը («Առավոտ»):
Անդրադառնալով կառավարության երեկվա նիստի հարցերից մեկին, «ՀՀ»-ն գրում է` «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի վիճակը շատ է վատացել. գործադիրն ուզում է փրկել ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ և անհետացող տեսակները»:
«168 ժամը» անդրադառնում է մեր տնտեսության «թերևս, ամենահակասական» ճյուղերից մեկին` դեղագործությանը, «Գոլոս Արմենիին»` IPSC-ի սոցիոլոգիական հերթական հարցման արդյունքին, «ՀԺ»-ն` Իրան-Հայաստան երկաթգծի «թնջուկին»:
«ՀԺ»-ի, «168 ժամի» և «Հրապարակի» առաջին էջերի լուրերից մի քանիսը, չնայած, իբր, բխում են «հավաստի աղբյուրներից», դժվար է այդպիսիք համարել: