չորեքշաբթի, 27 հունիսի 2012
Քաջալերելու մասին՝ երեկվա դասին
ՀԱԿ առաջնորդը երեկվա հանրահավաքում իբրև «անուրանալի փաստ» արձանագրեց 1999-ից հետո առաջին անգամ «որակապես բոլորովին նոր խորհրդարանի» ձևավորումը, ինչպես նաև կառավարության ներկայացրած ծրագրի 49 «դեմ» ձայն ստանալու իրողությունը։ Լ.Տեր-Պետրոսյանը հորդորեց «քաջալերել ԲՀԿ-ի անկախացման ձգտումը» և շարունակել «ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը»։ ՀԱԿ առաջնորդը հիշեցրեց, որ «ժողովրդավարական երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին», որպեսզի, Աստված մի արասցե, հանկարծ չստանձնի «իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը» («ՀԺ»)։
Կառավարության ծրագիրը, ինչպես երեկ նշել է Արմեն Աշոտյանը, «շարունակում է մնալ մեր հասարակության քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում» («Առավոտ»)։ Նրա ելույթից «Հայոց աշխարհը» այն տպավորությունն է ստացել, որ «Նախարարը սպառնում է շարունակել բարեփոխումները»։ Թերթը զարմացել է, թե ե՞րբ է Աշոտյանը հասցնելու անել իր թվարկած գործերը, «չէ՞ որ օրերով դուրս չի գալիս «ֆեյսբուքից»։ Սփյուռքի նախարարը «Ժողովուրդին» տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կայացել է, «դա ընդունում է ամբողջ սփյուռքը»։ Բայց եթե կա 1-2 հոգի, «որոնք աշխատանքին ծանոթ չեն», Հր. Հակոբյանը նրանց խորհուրդ է տալիս այցելել նախարարություն, որտեղ ինքը կներկայացնի կատարված «հսկայածավալ աշխատանքը»։ Կառավարության ծրագրում ընդգրկված ՕԵԿ ծրագրի «հիմնաքարային դրույթներին» է անդրադառնում Հեղինե Բիշարյանը՝ հընթացս շեշտելով, որ եթե ՀԱԿ-ը խորհրդարանում հանկարծ ՕԵԿ-ին մեղադրանք ներկայացնի «անառողջ դաշտից», ապա համարժեք պատասխան կստանա («Առավոտ»)։ Նույն թերթին տված հարցազրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցավով արձանագրում է, որ իր ղեկավարած գրասենյակը «չի կարողանում նվազեցնել բռնությունների քանակը», քանի որ «պետությունը չի տվել իրական բյուջե»։ Առաջիկա օգոստոսին ՄԻ պաշտպանը մտադիր է կառավարություն ներկայացնել գրասենյակի բյուջեն, որը «այն պրիմիտիվ ծախսերի համար է, որ մարդիկ, երբ գնում են հեռավոր զորամասեր, կալանավայրեր, կարողանան գոնե մեկ սենդվիչ կամ հաց ու պանիր ուտել»։ Կարեն Անդրեասյանը երազում է այն օրը, երբ երկրի պաշտոնյաները կկարողանան ասել, որ իրենց ղեկավարած հիմնարկներում եղած բռնությունների մեղավորն իրենք են, ինչպես ինքն է ասում՝ տեսնելով շուրջը տեղի ունեցող բռնությունները («Առավոտ»)։
«Երկիրը» դժգոհ է Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցից, որտեղ նկարագրված է Հայաստանի քաղաքական-տնտեսական դրությունը։ Մասնավորապես, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի դիտորդները թերթի կարծիքով «հմտորեն շրջանցել» են վերջին ընտրախախտումները։ «Ժամանակին» հետաքրքրել է նշված զեկույցի՝ ՀՀ երկրորդ նախագահին վերաբերող հատվածը, իսկ «ՀԺ»-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներն «ընդդեմ Հայաստանի կառավարության»։
«Օրակարգը», Հայաստանի տնտեսությունն ու գործարար միջավայրը «վառ գույներով ներկայացնելու ավանդույթի» դրսևորում որակելով Ավստրիայի նախագահի Հայաստան այցի շրջանակում կազմակերպված գործարար համաժողովը, նաև նշել է, որ այն «փորձել է բացահայտել հայ-ավստրիական առևտրատնտեսական համագործակցության ներուժը»։ «Հայոց աշխարհը» գրել է, թե լուրջ միջոցներ չձեռնարկելու պարագայում կառավարության ծրագրով նախատեսված «արտահանման առաջանցիկ աճը» կդրվի «հարցականի տակ» և փորձել դա հիմնավորել։ «Երկիրը» անդրադարձել է տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրներին։ «Ժողովուրդը» հայտարարել է, թե ՀՀ-ում «գնալով նվազում է ծնելիության թիվը» և … թե իբր «վարչապետ Տիգրան Սարգսյանը տապալել է իր գործունեության բոլոր ոլորտները»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպության տարեկան զեկույցը «հայաստանյան մասով», ըստ որի «արտասահմանյան զբոսաշրջիկների թվով Հայաստանը զբաղեցնում է տարածաշրջանում ամենավերջին տեղը»։
«Իրավունք. հետաքննությունը» շարունակել է հետամտել, թե «ինչպես ենք կորցնում նավթից էլ թանկ ջուրը» և գրել, թե «հանուն Արարատյան դաշտավայրի օլիգարխիկ սեփականություն հանդիսացող ձկնաբուծարանների Հայաստանը տարեկան կորցնում է 1,5-1,6մլրդ խմ ջուր, ինչը «նավթային արտահայտությամբ 9-10մլրդ բարել նավթն է»։
«Օրակարգի» փոխանցմամբ ԿԲ հրապարակած ֆինանսական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ «ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրել է բանկային ավանդների կառուցվածքում դոլարային ավանդների մասնաբաժնի ավելացմանը» և «տնտեսությունը դոլարիզացված է»։ «Ժողովուրդը» հավելել է, թե «իրականում Հայաստանի արտաքին պարտքը ավելի քան 6,5մլրդ դոլար է», քանի որ բանկերին տրված վարկերը չմարելու դեպքում «որպես պետական պարտք ստիպված է լինելու մարել Հայաստանի Հանրապետությունը»։