ուրբաթ, 29 հունիսի 2012
Ներկա և նախկին պաշտոնյաների խնդիրները
«Հրապարակը» ՀՀ առողջապահության նախարարին հարցրել է, թե շարունակելո՞ւ է արդյոք պաշտոնավարել իր որդին, որը նույն նախարարության ԾԻԳ-ի տնօրենն է։ Դումանյանը պատասխանել է, որ հիշյալ տնօրենը նշանակվում և ազատվում է վարչապետի որոշմամբ։ Տրանսպորտի և կապի նոր նախարարը նույնպես պատասխանել է նույն թերթի հարցերին և խոստովանել. «Ես ուզում եմ իմ Հայաստանի, իմ պետության համար օգտակար բան անեմ, աշխատեմ՝ անկախ նրանից, թե որ ոլորտում կլինեմ»։ Բերքի առատության և շրջանառու միջոցների բացակայության պատճառով այսօրվանից ծիրանի և կեռասի մթերումը դադարեցրած «Սպայկա» ընկերության հայտարարության առթիվ «Ժողովուրդը» հռետորական հարց է տալիս, թե «դեմքով ո՞ր կողմն է շրջված Սերգո Կարապետյանը, որ քայլեր չի ձեռնարկում բերքն արագ իրացնելու ուղղությամբ»։ Բազմաթիվ հարցեր են հնչում հեռուստատեսային քաղաքականության վերաբերյալ Հանրային խորհրդի կարծիքն իմանալու՝ ՀՀ նախագահի որոշման վերաբերյալ։ «Ֆեյսբուքահայերի» մի մասը նույնպես ըմբոստացել է՝ «Ես դեմ եմ, որ չգիտեմ ով որոշի, թե ես ինչ նայեմ կամ չնայեմ» («Հրապարակ»)։ Ըստ նույն թերթի, Վազգեն Մանուկյանից դժգոհողների թվում է Երևանի գլխավոր ճարտարապետը, որի կարծիքով ՀԽ նախագահի ընտանիքը իր դեմ «սխալ ուղղորդված գործողություններ է կատարում», ինչին համաձայն չէ ՀԽ լրատվական ծառայությունը։ Նախկին պաշտոնյա Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ նախկին պաշտոնյա Վարդան Օսկանյանի՝ «ճաղերի հետևում հայտնվելը բարոյապես անթույլատրելի է» («Առավոտ»)։ «Իրատես դե ֆակտոն» տեղեկություն ունի, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանները վարչապետի հետ ճաշելիս «ավելի անկեղծ են եղել, քան «Սիվիլիթաս» գնալիս»։ Դեսպաններն, իբր, խոստացել են օժանդակել Հայաստանի ղեկավարության սկսած «օլիգոպոլիայի դեմ էվոլյուցիոն պայքարին»։ Նման մտքեր են արտահայտված «վարչապետական երկրորդ ժամկետն ստանձնելուց անմիջապես հետո պաշտոնական այցով Բելգիա մեկնած» վարչապետի ելույթում, որից համապատասխան մեկնաբանություններով մեջբերումներ է անում «Հայաստանի զրուցակիցը»։
Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ՀՀ խորհրդարանի ընտրությունը համարել է «լավագույնը անկախության քսան տարիների ընթացքում», սակայն ԵՄ-ը Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացված համաժողովը հետաձգել է մինչև 2013թ., «Օրակարգը» որակել է «Բրյուսելյան մեսիջ»։ «Ժողովուրդը» նախագահի բրյուսելյան այցը համարել է «ձախողված», քանի որ «չի հաջողվել… համոզել՝ Հայաստանին տրամադրելու խոստացված 1,5մլրդ եվրո գումարը», «Հայկական ժամանակը»՝ իր հանգույն հեգնել՝ «1,5 միլիարդ եվրո ծախեմ 5 հազար դրամով»։
«Երկիրը» և «Օրակարգը» անդրադարձել են կառավարության երեկվա նիստի մանրամասներին («Գործի են անցել», «Դոզան քիչ էր. կառավարությունն ավելի շատ կհարկի օղի ներկրողներին»)։ «Հայկական ժամանակը» այս տարվա առաջին հինգ ամիսներին «ՀՀ պետբյուջեի կատարողականի մասին» ՊԵԿ-ի երեկվա հրապարակմանն իր անդրադարձում «նկատել» է, որ եթե հավաքված հարկերը թերթը ներկայացնի դոլարով, ապա «կպարզվի, որ բյուջեն ոչ միայն թերակատարվում է, այլև նույնիսկ, անցած տարվա համեմատ, ավելի քիչ գումար է հավաքվում»։ «Հայոց աշխարհը» նշել է, թե «օտարերկրյա ներդրումների հոսքերը Հայաստան փոքր են», «շատ ավելի համեստ են ուղղակի ներդրումների ծավալները» և եզրակացրել՝ «Հայաստանը դեռևս գրավիչ չէ ներդրումների համար»։ «Ժողովուրդը» հավելել է, թե իբր «արտադրության ծավալները գահավիժում են» և դա փորձել «ապացուցել», թերթի բնութագրմամբ՝ «թվանկարչության մեջ մասնագիտացած» ԱՎԾ-ի տվյալներով։
«Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է ձկնարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներին, «Իրավունքը»՝ մասնավորապես մայրաքաղաքի գազալցակայաններում տիրող իրավիճակին։