երեքշաբթի, 3 հուլիսի 2012
Գրագիտության բաղադրիչները
Համաձայն լինելով այն մտքին, որ 2008թ. դժվար էր կանխատեսել համընդհանուր ֆինանսատնտեսական ճգնաժամի չափն ու խորությունը, «Գոլոս Արմենիին» հիշեցրել է 2009թ. տարեվերջին վարչապետի արած հայտարարությունը՝ «Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին»։ Այսպիսով, ըստ «ԳԱ»-ի կառավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում ճգնաժամի հետևանքների ավելի քան «համեստ դիմադրության» համար։ Թերթը նաև փաստում է, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից և ոչ մեկը նախընտրական փուլում քիչ թե շատ հստակ ծրագիր չուներ հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակը հաղթահարելու նպատակով։ Մի այլ հրապարակման մեջ «ԳԱ»-ն փոխանցել է էկոնոմիկայի նախարարի կարծիքը ՏՏ ոլորտը համակարգող նախարարություն ստեղծելու վերաբերյալ. Տիգրան Դավթյանը կատերգորիկ դեմ է գաղափարին՝ գտնելով, որ ոլորտն առանց այն էլ ծրագրերի պակաս չի զգում։ Թեմային ավելի հանգամանորեն անդրադարձել են «Իրավունքը»՝ «Մեծ բունտ»՝ մեծ փողերի համար», և «Իրավունք դե ֆակտոն»՝ Իգոր Մուրադյանի «Քաղաքականության «տնտեսականացումը» դարձել է համաշխարհային միտում» հրապարակմամբ, որում, ի դեպ, կարևորել է «միջին խավի զարգացման, որպես հասարակության օրգանական մասի և երկրի զարգացման երաշխավորի» կարևորությունը։
«Ժամանակի» համոզմամբ «Հայաստանի զարգացման գլխավոր արգելակներից մեկը դարձել է օլիգարխիան, ինչը թերթին «դրդել է» դիմել «կամ-կամի» («Կա՛մ օլիգարխիան կխորտակի Սերժ Սարգսյանին, կա՛մ նա հիմքից կկազմաքանդի օլիգարխներին»)։
«168 ժամը» անդրադարձել է 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին «Հայռուսգազարդի» հաշվետվությանը, ներմուծվող բնական գազի գնին և վերջին երկու տարիներին կազմակերպության կողմից արձանագրված վնասների թեմային («Ինչի շուրջ են բանակցել «Գազպրոմում»»)։ «Հայկական ժամանակը» գրել է, որ կառավարությունն իր վաղվա նիստում քննարկման է ներկայացնելու «օվշորային երկրների և գոտիների ցանկը» և իր հանգույն ներկայացրել, թե «կառավարության ինչին է պետք այդ ցանկը» («Օվշորն էլ մեզնով արինք»)։
«Օրակարգը» անդրադարձել է ֆինանսական գրագիտության վերաբերյալ ՀԲ կատարած ուսումնասիրության արդյունքների քննարկմանը, նաև ներկայացրել բանկի խորհուրդը՝ «բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը»։ Թեմային արձագանքել է նաև «Ազգը»՝ «Ինչպես են խնայում, պլանավորում և լուծում ֆինանսական հաստատության հետ կոնֆլիկտները Հայաստանում»։
ԿԲ-ի՝ նախորդ եռամսյակի վճարային հաշվեկշռի հաշվետվությանն իր անդրադարձում «Երկիրը» ի մասնավորի նշել է, թե «արտահանումն աճել է անմշակ ոսկու և ցինկի հաշվին», և «մասնավոր տրանսֆերտներն աճել են, իսկ պետականը՝ նվազել»։ «Օրակարգի» փոխանցմամբ՝ 2012թ. հունվար-հունիս ամիսների սպառողական գների ինդեքսի մասին ԱՎԾ հրապարակմամբ «Վիճակագիրները խառնել են Կենտրոնական բանկի կանխատեսումները» («Դոլարը գների վրա չի ազդել»)։ «Ժամանակը» անդրադարձել է պետբյուջեով հատկացված սոցիալական փաթեթի «դրական ու բացասական կողմերին» և համարել փաստ, որ «սոցփաթեթը կատարելագործման կարիք ունի»։ Թեմային արձագանքել է նաև «168 ժամը» («Մաղարիչ են ուզում»), որը մի այլ հրապարակման մեջ («Իմիտացիոն պայքար՝ կոռուպցիայի դեմ») կոռուպցիայի մակարդակի չնվազման պատճառներից մեկը համարել է այն, թե իբր «միջազգային կոնվենցիաները ԱԺ-ի, ՀՀ ԱԳ նախարարության և Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են վերապահումներով»։