ուրբաթ, 6 հուլիսի 2012
Հարցադրումների և գնահատականների արձագանքը (05-06.07.2012)
Հուլիսի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստին իր անդրադարձը «Հրապարակը» խորագրել է՝ «Վարչապետը պաշտպանության տակ առավ Զախարյանին»։ Նիստին արձագանքել են նաև «168 ժամը» («Աշխույժ կայունություն», «Արձագանքել է») և «Ազգը» («Սոցփաթեթի չարաշահումներ դպրոցներում»), ըստ որի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն կարևորել է, որ «պետական ծառայողների հետաքրքրությունը սոցիալական փաթեթի նկատմամբ ավելանում է», այլև նշել, որ լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն որոշ հիմնարկներում առկա են չարաշահումներ, որոնք ունեն «համապատախան պարզաբանման անհրաժեշտություն»։ «Հայկական ժամանակը» շարունակել է «օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների» թեման և նկատել, թե նրանք «ներդրումներ են իրականացնում հիմնականում հանքարդյունաբերության, սուպերմարկետների և անշարժ գույքի ոլորտներում», որոնք, թերթի համոզմամբ, «ամենաեկամտաբեր, ամենաստվերային, ամենակասկածելի, ամենակեղտոտ ոլորտներն են»։
«Հրապարակը» անդրադարձել է խորհրդարանում ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի ելույթին («Այս տարի ժողովրդավարությունն ավելացել է 15 միլիոն եվրոյով»), «Հայկական ժամանակը» «ժամանակային կարգով» ներկայացրել, թերթի բնութագրմամբ, «Հայաստանում արդեն ավանդույթ դարձած», «նախընտրական նվերները ռուսներին» և «իր ճաշակով» դրանք թվարկել։ «Իրավունքի» հետ զրույցում ներկայացնելով կառավարության հնգամյա գործունեության ծրագրի վերաբերյալ իր տեսակետները, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ «5-7 տոկոս աճը բարձր նշաձող է» և «ծրագիրն իրատեսական է»։
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է Հիդրոէներգետիկայի զարգացման հիմնախնդիրներին, նաև կարևորելով, որ ոլորտում «իրականացվող նախագծերը չպետք է վնասեն շրջակա միջավայրին»։ «Հայոց աշխարհը» հրապարակումներից մեկում փորձել է պարզաբանել, թե «Որքանով է հավանական գազի թանկացումը առաջիկայում», մյուսում՝ փոխանցել Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման ուղղությամբ մասնագետների առաջարկություններն ու մտահոգությունները։
«168 ժամը» տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի նիստում քննարկվել են փոքր և միջին ձեռնակատիրության զարգացմանը վերաբերող հարցեր, «Առավոտի» հետ զրույցում տրիկոտաժի «Տոսպ» ձեռնարկության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի բիզնես-միջավայրի մասին իր նկատառումները («Հայ գործարարի մեջքին չեն կանգնում»), «Հայաստանի զրուցակիցը»՝ հայտարարել, թե «Ձուլարանների զարգացումը Հայաստանում վտանգված է»։
«Ժամանակը» ներկայացրել է Վարդան Բոստանջյանի հետ զրույցը՝ «Մարդու իրավունքների առումով դեպի Արևմուտք պետք է ուղղվենք, իսկ տնտեսական զարգացման՝ դեպի Հյուսիս»։
«Գոլոս Արմենիի» տնտեսական էջի հյուրը NASDAQ OMX Հայաստանի ղեկավար Կոնստանտին Սարոյանն է, ով փորձում է պատասխանել հարցին, թե ինչու հաղորդակից անոթների օրենքով ճգնաժամի ընթացքում հայրենական ֆինանսական շուկան «բում» չապրեց, ինչպես կանխատեսում էին մեր ֆինանսիստները։ Անդրադառնալով արժեթղթերի շուկայի խութերին, դրանց հաղթահարման և զարգացման ուղիներին, Կոնստանտին Սարոյանը միաժամանակ բավականաչափ դրական է գնահատում գիտելիքահեն արտադրությունը զարգացնելու կառավարության քաղաքականությունը («Ստվերային տնտեսությունը էվոլյուցիայի ընթացքում ինքնաոչնչացվում է»)։
Հուլիսի 5-ի մեկ այլ հրապարակմամբ «Գոլոս Արմենիին» անդրադառնում է ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման խնդիրներին, փաստելով երկրի նախագահի հանձնարարությամբ ոլորտը զարգացնելուն միտված քայլերի շնորհիվ ռազմական արդյունաբերության համակարգի դերը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։
«Դելովոյ Էքսպրեսի» կարծիքով աշխատանքային օրերը տարբեր պատճառաբանություններով տեղափոխելու կառավարության որոշումները իրավական գլուխկոտրուկներ են ստեղծում գործատուների համար, ընդ որում, որոշակի խնդիրներ են առաջանում թե վեցօրյա, թե հինգօրյա ռեժիմով աշխատող ձեռնարկություններում («Ինչի հետևանքով է ցավում գործատուների գլուխը, կամ ինչու տեղափոխել աշխատանքային օրերը»)։