չորեքշաբթի, 11 հուլիսի 2012
Գազի երկնագույն ճախրանքը
«Ժողովուրդը» հայտարարելով, որ «Գազպրոմ» ընկերությունը «պատրաստվում է կտրուկ բարձրացնել գազի սակագինը», միաժամանակ նշել է, թե իբր «վերջին ամիսներին ռուսական կողմը մեկ անգամ արդեն բարձրացրել է» այն, ինչը «գերադասել են գաղտնի պահել», նաև համարել «ուշագրավ», որ դա «տեղի է ունենում նախագահական ընտրությունների նախաշեմին» («Ձախորդ օրերը կուգան ու չեն երթա»)։ «Հայկական ժամանակը» մի կողմից հիշատակել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակի հայտարարությունը, որ գազի գնի շուրջ «բանակցությունները շարունակվում են», մյուս կողմից գազի թեման «շուռումուռ» տվել տարաբնույթ որակումներով («Կռուտիտներին» սպասելիս»). «կառավարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել», «որ գազը թանկացել է, կասկածից վեր է» և այլն։ «Իրավունք հետաքննությանը» առավելապես հետաքրքրել է ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ֆեյսբուքյան էջում զետեղած մի շարք դատողությունները («Անմեղ գառան դիմակի տակ»)։ «Օրակարգը», հրապարակումներից մեկում («Պայթյունավտանգ գազ») գազի թանկացման համար «Հայռուսգազարդում» սեփական բաժնեմասի «10 տոկոսը առանց հանրությանն իրազեկելու ռուսներին փոխանցելու» մասին շրջանառվող լուրի առիթով գրել է, թե այն «հավասարազոր է կառավարության կողմից սեփական լիազորությունների չարաշահման», մյուսում («Հույժ գաղտնի գին») ներկայացրել, թե «թանկ գազի մասին փաստում է նաև Պետեկամուտների կոմիտեն»՝ հանձինս ներկայացված վիճակագրական տվյալների։
«Հայոց աշխարհը» նշել է, որ պետության նկատմամբ գոյացող հարկային պարտավորությունները ժամանակին չկատարած տնտեսվարողների թիվը վերջին երկու տարիներին զգալիորեն պակասել է, թեև որոշ ընկերությունների կողմից առկա է «պարտավորությունների թերացումը», և հիշատակել մի քանի հայտնի կազմակերպությունների անուններ («Դվին կոնցեռն», «Մուլտի գրուպ», «Նատալի ֆարմ»)։ «Ժողովուրդի» հիշատակմամբ Հրազդանի փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի որոշ ներկայացուցիչներ հարկադրված դադարեցրել են իրենց գործունեությունը «հարկայինի նորանշանակ պետի «կացնային» քաղաքականության արդյունքում» («Հարկային ահաբեկչություն Հրազդանում»)։ «Հայկական ժամանակը» փոխանցել է «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պ.Անդերսոնի՝ հայաստանյան շինարարական գործունեության «արկածալից» դրվագները և հանդիպումները նախկին պաշտոնյաների հետ՝ ըստ «Հետք» կայքի լրագրողի հետ զրույցի։ «Օրակարգը» գրել է, որ երեկ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձյալ թողել է անփոփոխ, նաև նշել, թե ԿԲ-ն «կարծես ամեն կերպ փորձում է հիմնավորել «թանկ» փողի քաղաքականությունը և տնտեսության զարգացման հարցում դիտորդի իր կարգավիճակը»։ Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է ցորենի համաշխարհային գների վերջին տատանումներին, որոնք, ըստ հոդվածագրի, «առայժմ չեն ազդել Հայաստանի վրա»։