ուրբաթ, 13 հուլիսի 2012
«Ջերմության» գինը
«Օրակարգը» հայտնել է մտահոգություն, որ նորընտիր խորհրդարանն «առանց որևէ փոփոխության» հաստատել է կառավարության գործունեության ծրագիրը, որում, ըստ հոդվածագրի, նախորդ՝ «բոլոր կետերը չկատարած ծրագրից» տեղափոխվել է «միայն մեկը»՝ նպատակ է սահմանվել «մարդկային կապիտալի զարգացումը՝ կրթության տեսանկյունից ապահովելով որակյալ կրթության մատչելիությունը» («Ասֆալտապատենք կրթությունը»)։ «Հայացքը» վերստին անդրադարձել է Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կազմակերպման վերաբերյալ հարցին և իր հերթին հարցրել՝ «Սինոփսիսի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը կդառնա՞ նախարար»։ «Իրավունքը» իր հերթին «պարզաբանել» է «Ռուսաստանից 1 մլրդ դոլարի վարկի վերաբերյալ» շրջանառվող լուրերի կապակցությամբ «ֆինանսների նախարարության հրապարակային պարզաբանումը», որը թերթի բնութագրմամբ «միայն տարակուսանքներ է առաջացրել» («Վարկային «կռուտիտներն» ու պետբյուջեի մտահոգող պատկերը»), «Հայկական ժամանակը» արձագանքել է «ռուսական վարկի» մասին ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի «ֆեյսբուքյան մեկնաբանությանը» («Հռը կոպալի վարկեր»)։ «Առավոտը» լրագրողների հետ Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի նախորդ օրվա հանդիպմանն արձագանքել է «Ածիլվելու ապարատներ տաքսիստներին… 2մլն դոլարով» հրապարակմամբ, որում հընթացս «քննության» է առել ԾԻԳ-ի ներկայիս ղեկավարի աշխատավարձի չափը։ Մի այլ տեղեկատվությամբ թերթը ներկայացրել է գազի գինը ըստ ՀԱԿ խորհրդարանական Հրանտ Բագրատյանի՝ $406, ինչը իր հերթին «վերասահմանել» է «Հայկական ժամանակը»` «կարա ըլնի 220 դոլար»։
«Օրակարգը» գրել է, թե Երևան ՋԷԿ-ի նոր՝ ջուր-ածխային տեխնոլոգիայով էլեկտրաէներգիայի արտադրությունը չի մեկնարկում, քանի որ դեռևս շարունակվում են վերազինման աշխատանքները («Քարածուխը հոսանք չի դառնում»)։ «Ժողովուրդը» հայտնել է տեսակետ, թե իբր «իշխանությունները պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների», և «սկսել են կամաց կամաց հասարակությանը նախապատրաստել գործընթացին»՝ նկատի առնելով ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի և ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի՝ երկրի գլխավոր օրենքի մասին վերջերս ներկայացրած դիտարկումները։ «Հրապարակը» դրամի փոխարժեքի վերջին տատանումները որակել է «դոլարային շոգեբաղնիք»։