շաբաթ, 21 հուլիսի 2012
Վիճակագրությունն ու մեկնաբանությունները՝ թևանցուկ
«Հայաստանի Հանրապետությունը» վկայակոչել է ԱՎԾ օպերատիվ տվյալները, ըստ որոնց 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը 7,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և նշել, որ «տնտեսությունը նախորդ տարիների դժվարություններից հետո աստիճանաբար թափ է հավաքում», և, «առկա միտումները պահպանելու դեպքում», տարեվերջին կարձանագրվեն նախատեսվածից ավելի բարձր արդյունքներ։ «Ազգը» հավելել է, որ «ամենամեծ աճը տնտեսության իրական հատվածում» է, մինչդեռ «շինարարության ծավալները շարունակում են նվազել»։ Թեմային իր անդրադարձում «Հայկական ժամանակը» ԱՎԾ տեղեկատվությունը համեմատել է «նույն օրը ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ այս տարվա առաջին կիսամյակում հարկերի հավաքման մասին տեղեկանքի» հետ և գրել, թե կան «ուշագրավ անհամապատասխանություններ» նույնիսկ «աչքաչափով» («Թվեր կրակելիս»), «Հրապարակը» «Տնտեսական շաբաթ կամ լավատեսությունն էլ չի փրկում» ծավալուն հոդվածում իր հանգույն նշել է, թե իբր «մեր կառավարության աչքակապությունը սահմաններ չի ճանաչում» և «փորձել» այն «հիմնավորել»։
«Հայոց աշխարհը» «զարմացել» է, որ «դրսում վառելիքը թանկանում է, իսկ Հայաստանում՝ էժանանում», թեև «խոստովանել» է նաև, որ դրանով հանդերձ «բենզինի գները դեռևս զգալիորեն բարձր են տարեսկզբի համեմատ»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը վերստին արձագանքել է Սևանա լճից ջրի բացթողնման մասին օրինագծի ընդունման խնդրին, ներկայացրել բնապահպան Կարինե Դանիելյանի վկայակոչած՝ «լճի երեք առեղծվածները» և հարցրել՝ «Բայց արդյոք առեղծված են դրանք»։ Թեման չի շրջանցել նաև «Հայացքը»՝ «Սևանա լճից ջրառը՝ Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության խախտմամբ»։
Էլեկտրոնային դրամը պաշտոնապես մուտք է գործում ֆինանսական շուկա, և այսօր արդեն ամենամսյա շրջանառությունը կազմում է 100մլն դրամ, փաստում է «Գոլոս Արմենիին», հուսալով, որ նոր վճարամիջոցը ցույց կտա, որ ոչ միայն հետաքրքիր և արդյունավետ է, այլև մեծ հեռանկար ունի. «Հայաստանում առաջին էլեկտրոնային փողերը. Էլեկտրոնային հասարակության ձևավորման ճանապարհին»։ Մեկ այլ հրապարակմամբ թերթն անդրադարձել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը Արդարադատության նախարարի գնահատմամբ «ավելի բարետես» կդարձնի գործող օրենքը։ Այդուհանդերձ, թերթը մտահոգություն է հայտնում, որ Արցախի հիմնահարցի չկարգավորման պարագայում օրենսդրության ազատականացումը կարող է վտանգել ազգային անվտանգությունը։
«Հայկական ժամանակը» «տարածել» է իր «տեղեկությունները», ըստ որոնց իբր «Հայաստանի օլիգարխները և խոշոր գործարարները հակավարչապետական կոալիցիա են ստեղծել» և «որոշել տապալել… յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը», «Ժամանակը»՝ իր վերլուծականը Գյումրիում առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրության և հնարավոր թեկնածուների վերաբերյալ՝ («Երկբևեռ համակարգի ևս մի «հմայք») և զրույցը «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ՝ ՀԱԿ-ի հետ անհամաձայնությունների վերաբերյալ («ՀԱԿ-ը վերակենդանացնում է քոչարյանիզմը»)։