հինգշաբթի, 26 հուլիսի 2012
Օլիգարխների անհանգստությունը
«Ազգը» անդրադարձել է օրերս հրապարակված այն տեղեկատվությանը, ըստ որի իբր «օլիգարխները հավաք են արել և որոշել» տապալել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին կառավարությանն առաջադրված խնդրի լուծումը, «անկախ դրանից» ակնհայտ համարել գործող կառավարության` չարաշահումներ թույլ չտալու քաղաքականությունից նրանց (օլիգարխների) գոհ չլինելու իրողությունը և եզրակացրել, որ «մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարը մեկանգամյա գործողություն չէ», և «քաղաքական ռիսկ պարունակող» այդ «պայքարը պետք է շարունակվի, անկախ նրանից, թե դա ում դուր չի գա և ով կփորձի օլիգարխների շահերը սպասարկելով վարկաբեկել այն»: «Էկոնոմիկայի հիվանդությունները տարածվում են մեր մեջ», «Գոլոս Արմենիի» հետ զրույցում ասել է տնտեսագիտական դոկտոր Աշոտ Թավադյանը, վերլուծելով ֆինանսական ճգնաժամի եվրագոտու ազդեցությունները ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա: Մեկ այլ հրապարակմամբ, անդրադառնալով շքեղության հարկի հայաստանյան դրսևորումներին, թերթը տարօրինակ է համարել իշխանությունների անհարկի մեղմ վերաբերմունքը միանգամից հարստացած օլիգարխիայի նկատմամբ («Ծաղրանկարային հարկ. Հարուստներին կարելի է այլ կերպ «անհանգստացնել»):
«Առավոտը», հետամուտ սողանքային աղետների կառավարման, ինչպես նաև վնասների հատուցման տարածաշրջանային հիմնախնդիրների պարզաբանմանը, փոխանցել է ԵՊՀ «Կայուն զարգացման կենտրոն» կլոր սեղան քննարկման ժամանակ Սահմանադրական իրավունքի կենտրոն Հկ խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի ելույթից հատվածներ` ի մասնավորի շեշտելով, որ «սողանքային աղետների պետական կառավարման քաղաքականությունը… լուրջ բարելավման կարիք ունի»: «Հայացքի» հետ զրույցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը հայտարարել է, թե «Խղճուկ ֆինանսավորման պայմաններում հայ գիտնականները… հերոսություն են գործել», մինչդեռ «Հայաստանում այս իրողությունն առայժմ բավարար գնահատանքի և վերաբերմունքի չի արժանանում»:
«Ժամանակը» երկու հրապարակումներում («Անվտանգության հա՞րցը, թե՞ վտանգավոր հեռանկարը» և «Ռուսական ճնշումնե՞ր, թե՞ բարենպաստ պայմաններ հայ արտահանողի համար») շարունակել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի Հայաստան այցի շրջանակում կատարած ուշագրավ հայտարարությունների նույնքան «ուշագրավ պարզաբանումները», «Հրապարակը»` «հիշեցրել», որ թեև խորհրդարանի ընտրությունից հետո «ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմել, սակայն «նախկինում զբաղեցրած ոչ բոլոր պաշտոններից է» հրաժարվել («ԲՀԿ-ական փոխնախարարները սպասում են վարչապետի հրահանգի՞ն»):