ուրբաթ, 27 հուլիսի 2012
Բարեփոխումների գինը
«Իրավունք դե ֆակտոն» անդրադարձել է «օլիգարխների և խոշոր գործարարների «հակավարչապետական կոալիցիայի» ստեղծման մասին անցած շաբաթ լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվությանը, փորձել ներկայացնել դրա «հնարավորության շարժառիթները». (2008-ի ընտրություններից հետո նորընտիր նախագահն ու վարչապետը «ձեռնամուխ եղան տնտեսության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործին». նախագահի կողմից «վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնարարվեց շտկումներ մտցնել տնտեսական գործավարության և պետություն-մասնավոր փոխհարաբերություններում». «վերջին տարիներին կառավարության ընդունած որոշումներն ու օրենսդրական նախաձեռնությունները չէին կարող աննկատ մնալ օլիգարխների համար», ուստի «ազատ մամուլը» պատվիրված հոդվածներով և տեղեկատվական սաբոտաժներով հանգիստ չի տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանին» և այլն) և եզրակացրել` «Հաղթում են մտքի թռիչքն ու ինտելեկտը, ոչ թե քրեական մոտեցումներն ու զոռբայությունը»: «Հրապարակի» հետ զրույցում Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշել է, որ նախարարի պաշտոնում աշխատանքային առաջին օրն իսկ հայտարարել է, թե «շատ խիստ է լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ» («Պայմանը չպահողները» տեղ չունեն մեր թիմում»): «Ազգը» ներկայացրել է մանրամասներ երեկվա կառավարության նիստից հետո Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ կազմակերպված մամուլի ասուլիսից` «Երևանում գյուղատնտեսական նոր շուկան` օգոստոսի 1-ից, իսկ խաղողի մթերման գինը անցյալ տարվանից ցածր չի լինի»: Գյուղատնտեսության թեման և նախարարի ասուլիսը չի շրջանցել նաև «Իրավունքը», որին առավել մտահոգել է, որ «այս տարի մեր երկրում ցորենի բերքը անցած տարվանից որոշակիորեն ավելի վատ է լինելու», «ընդգծել», թե սորտաթարմացման ծրագրով և կառավարության համապատասխան որոշմամբ 2010թ. ներկրված «էլիտար» ցորենի սերմացուին պետք է «վերագրել… «վատ բերքի մասին խոսքը» («Այսպես են կորչում պետական միլիոնները»): «Ժողովուրդը» հրապարակումներից մեկում հայտարարել է, թե Հայաստանում անցյալ դարի 80-ական թվականների համեմատ «փաստորեն մոտ չորս անգամ կրճատվել է ոչխարաբուծության ծավալը» («Հայեցակարգն էլ ոչխարներին չի փրկում»), մյուսում փոխանցել մայրաքաղաքի Հարավարևմտյան Բ-2 թաղամասի բնակիչների ահազանգը, թե «Գազի փոխարեն օդ են բաց թողել», երրորդում` զրուցել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ` մասնավորապես սիրիահայությանը մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ («Հայաստանի գործարարներն օգտվում են առիթից»): «Հայոց աշխարհը», անդրադառնալով «սիրիահայերի «ճակատագրի» շուրջ այս օրերին բարձրացված աղմուկին», փորձել է «պարզեցնել» այն` «նաև մեդալի մյուս երեսի» ներկայացմամբ («որևէ ավիաընկերություն չի կարող ինքնագլուխ ավելացնել չվերթների հաճախականությունը» և այլն). «Հարցերը պետք է լուծվեն կառավարության մակարդակով»: Մի այլ հրապարակման մեջ թերթը արձագանքել է սննդամթերքի շուկայի ներկա վիճակի վերաբերյալ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի գնահատականներին («Սպառողների պաշտպան և այսքան լավատե՞ս»):