երեքշաբթի, 31 հուլիսի 2012
Բնապահպանությունը` ուղիղ ճանապարհ
«Հայոց աշխարհը» տեղեկացրել է Հարկային պետական ծառայության կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկի հրապարակման մասին («Ինչպես են վճարել խոշոր հարկատուները»), նաև հավելել, որ «խոշորների ցանկում այլևս իրենց մշտական տեղն ունեն ապահովագրական շուկայի մասնակից» մի քանի ընկերություններ: «Ժողովուրդը» ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ զրույցը խորագրել է «ՊԵԿ նախագահը բաժնետեր է»: «Հրապարակը» անդրադարձել է 2011թ. ԱՊՀ երկրների 100 ամենամեծ բանկերի վերաբերյալ «Ռիառեյտինգ» վարկանիշային գործակալության հրապարակած տեղեկատվությանը, նշել, որ «վարկանիշային աղյուսակում չկա որևէ հայկական բանկ» և ըստ այդմ «գնահատել» «կառավարության խարխլված տնտեսական քաղաքականությունը», որի զարգացումը «կասեցնում է խոր արմատներ ձգած մենաշնորհը»: «Իրատես դե ֆակտոն» Հայաստանի պետական ագրարային և ԱՄՆ-ի Ֆրեզնոյի համալսարանների ագրոէկոլոգիայի ամբիոնների համատեղ իրականացրած ծրագրի մասին զրուցել է ծրագրի համակարգող, գյուղատնտեսական գիտ. դոկտոր Մերուժան Գալստյանի հետ («Էկոլոգիապես մաքուր բնահումք ստանալու համար անհրաժեշտ է յոթ տարին մեկ հողերը պարարտացնել հանքային մելիորանտներով»): «Իրավունքի» կարծիքով այլևս «փաստ» է, «որ մեր երկրում սկսել է մի իսկական հանքամոլություն, հայտնի, որ «սնկի պես աճող հանքերը» հաճախ «փորձում են բացել «հանգստի և նման առումներով… խիստ սահմանափակ վայրերում», որոնցից մեկն էլ թերթը համարել է Հրազդանի տարածաշրջանը` «Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի «մասով» («Բնությունը վտանգող հերթական հանքավա՞յրը»): Հանքերի թեման չի շրջանցել նաև «Հրապարակը»` («Հայաստանը կոյուղու դե՞ր է կատարելու»), որ մի այլ հրապարակման մեջ էլ, արձագանքելով Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ օրեր առաջ տեղի ունեցած հանրային քննարկմանը, դարձյալ դիմել է «հռետորական հարցման»` «Հերթական խայտառակ նախագիծը մայաքաղաքի կենտրոնո՞ւմ»: «Իրատես դե ֆակտոն», հակառակը, թատրոնի շենքի կառուցման տեղի ու նախագծի վերաբերյալ ճարտարապետների միջև առկա տարակարծության «ետևում» փորձել է «նշմարել» մայրաքաղաքի «թատերական կյանքին բնորոշ հին ու բարի դերասանական սրճարանների, ակումբների ավանդույթը»: «Առավոտը» ներկայացրել է Խոսրովի արգելոցում նախօրեին բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան` ի նշան տարածքում, թերթի դիտարկմամբ, «իրականացվող ապօրինի շինարարության» («Ո՞ւր են տանում կիսակառույցի սլաքները»), նաև հավելել, թե «Խոսրովի արգելոց օլիգարխների մուտքն ու ելքը ակտիվացել է»: