չորեքշաբթի, 8 օգոստոսի 2012
Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ
«Հրապարակը» հարցրել է, թե «Յարաբ որտե՞ղ են հանգստանում մեր բարձրաստիճան պաշտոնյաները», նաև փորձել իր իսկ առաջադրած «հռետորական հարցը» քննել ըստ հայաստանյան իրականության սեփական պատկերացումների: «Ժողովուրդը» արձագանքել է Մոսկվայում ՌԴ և Հայաստանի նախագահների հանդիպման ամենահավանական` Եվրասիական Միությանը ՀՀ-ի անդամակցության թեմային, ոչ պատահական համարել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության այս օրերին հրապարակած` ընթացիկ տարվա ընթացքում հայ-ռուսական տնտեսական գործակցության մասին տեղեկատվությունը, որում թերթի փոխանցմամբ` «թվարկված են… տնտեսության այն բոլոր ռազմավարական նշանակությամբ ճյուղերը, որոնք այսօր հանձնված են ռուսներին» («Ծանր վիճակ»): Թերթը այլ հրապարակումներում անդրադարձել է տարիներ առաջ Շիրակի մարզի Գետք սահմանամերձ համայնքի ջրագծերի տեղափոխման կապակցությամբ համայնքապետի առաջադրած մեղադրանքներին և Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանմանը («Անհետացած խողովակների ճակատագրով»), տակավին չկանոնակարգված «ավտոկանգառների բիզնեսի» հիմնախնդիրներին («Մուրացիկությո՞ւն, թե՞ գրպանահատություն») և կառավարության կողմից տրամադրված ցորենի սերմացուի բերքի քանակից Գեղարքունիքի մարզի Տրետուքի համայնքապետի դժգոհությանը: