երեքշաբթի, 14 օգոստոսի 2012
Գազը և հրավառության տեխնիկան
«Հայկական ժամանակը» շարունակել է ՌԴ և Հայաստանի նախագահների օրերս կայացած հանդիպման մանրամասներին իր անդրադարձը և փոխանցել առաջիկայում Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման իր «մեկնաբանությունը»` «Պուտինը «գազավատ» է անում»: «Ժամանակը» ներկայացրել է գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ Հրանտ Բագրատյանի դիտարկումը, ըստ որի «ՀՀ համար գազի գին գոյություն չունի», քանի որ «Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանում գտնվող իր կազմակերպությանը` «Գազպրոմին», և «հռետորական» հարցը, թե «Հայաստանի վարչապետը կամ նախագահը ինչո՞ւ են բանակցում գազի գնի շուրջ»:
«Հրապարակը» գրել է, որ ՀԱԿ դաշինքում «նոր խժդժություններ են ի հայտ եկել» այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է 50 կետից բաղկացած օրենսդրական նախագիծը, առիթ տալով իր դժգոհությունը հայտնելու ՀԱԿ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանին, թե «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը»: «Ժողովուրդը» իր հանգույն «զարմանալի» է համարել, որ մի կողմից գրանցվել է տնտեսական աճ, մյուս կողմից, թերթի վկայությամբ, «հասարակությունն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում» այդ աճի արդյունքները, նաև նշել, թե «այդ ամենի մեղավորը իշխանություններն են»: «Հայկական ժամանակը» արդյունաբերության ոլորտում առկա աճի ցուցանիշների վերաբերյալ հոդվածը խորագրել է «Պարադոքսների աճ»: Թեմային անդրադարձել է նաև «Գոլոս Արմենիին»: «Հրապարակը» արձագանքել է դեղձի և լոլիկի մթերման հարցին` «Առատ բերքը վնասում է գյուղացուն»: «Ժամանակը» գրել է, թե շատ գործարարների` Վրաստանում զգալի ներդրումներ կատարելու պատճառը «այդ երկրում բիզնես-միջավայրի բարելավումն է ոչ թե խոսքով, այլ գործով» («Իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է»): «Առավոտը» փոխանցել է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ գործարար Եղիշե Հովհաննիսյանի հայտարարությունը, թե «Աշխարհի ոչ մի երկրից հնարավոր չէ օրինական ճանապարհով Հայաստան ներմուծել հրավառության տեխնիկա» («Գործարարն ահազանգում է հնարավոր դժբախտության մասին»):