ուրբաթ, 17 օգոստոսի 2012
Ինքնասիրահարվածությունը և ականջի ծայրը
«Ժողովուրդի» վկայությամբ երգիչ և ինքնահռչակ կոմպոզիտոր Արսեն Գրիգորյանը հանրությանը կոչ է անում «ամեն ինչ անել», որպեսզի «իր նման մարդիկ չուզենան ականջի ծայրով անգամ մտածել արտագաղթի մասին» (իրականում մի քանի «ռաբիզ» կպակասի մեր երկրում, ինչը առողջարար կլինի մնացածի համար): Երևի կոչը կոչ էլ կմնա, քանի որ «ՀԺ»-ի կարծիքով «արտագաղթը նոր թափ է ստանալու» հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու հետևանքով. «Նման իրավիճակում Եվրասիական միության անվան տակ ԽՍՀՄ-ի վերականգնումն ընդամենը տեխնիկական խնդիր է դառնում»: «Ազգը» ճիշտ հակառակը, հանրությունից ակնկալում է «որակյալ քննարկումներ անցկացնել ինտեգրման հեռանկարների մասին»: Առայժմ ինտեգրման խնդիրների են բախվում սիրիահայերը` վայելելով «Հայրենիքի հմայքը» («Ժողովուրդ»): Զոռ տալով երևակայությանը, այս թերթը հեշտությամբ ենթադրում է, որ «մի քանի օր անց սիրիահայերի կողմից կլինեն նաև բողոքներ»: Մինչդեռ «Առավոտի» մի խումբ սիրիահայ երիտասարդ նամակագիրներ Հայաստանի լրատվամիջոցների ղեկավարներին հորդորում են ավելի հավասարակշռված լուսաբանել այն դժվարին կացությունը, որում հայտնվել են Սիրիայի հայերը:
Այս ամենի համապատկերում միանգամայն տեղին է հնչում երգչուհի Շպռոտի բացականչությունը` «Ախ, ոնց եմ ուզում հետ գալ իմ երկիր»: Սակայն երգչուհին պայման է դնում` «… որտեղ կապրեն քաղաքակիրթ մարդիկ, կտիրի արդարության 20 տոկոս… որտեղ մարդկանց ու կենդանիների շահերը կպաշտպանվեն գոնե 95 տոկոսով»: Ընթերցողին փոխանցելով Շպռոտի մտքերը, «Հրապարակն», իհարկե, չի երաշխավորում նրա ցանկությունների կատարումը: Դրա փոխարեն մյուս հոդվածի հերոսուհին` նախկին մոսկվաբնակ Ելենա Պետրոսյանը, ով երեք տարի առաջ է եկել իր նախնիների երկիր, ասում է. «Այստեղ ամեն ինչ կոմպակտ է ու տաք: Ես եկա, ու ներշնչանքն արթնացավ… Հայաստանը ֆլամենկո է»:
«Առավոտը» և «Ժողովուրդը» միաժամանակ հիշել են, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է և ընդվզում են դրա դեմ: Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը, նկարագրելով գրահրատարակչության անմխիթար վիճակը, համոզմունք է հայտնում, որ «եթե Պարույր Սևակը ողջ լիներ, հեղափոխություն կլիներ»:
Մամուլն արձագանքել է կառավարության երեկվա նիստի քննարկած հարցերին: