շաբաթ, 18 օգոստոսի 2012
Թվերի լեզվով
Ընթերցողին «թվախեղդ» անելու օրինակ է ցույց տալիս «ՀԺ»-ն. «Մեծ Բրիտանիայի պես հարուստ երկիրը օլիմպիական մեկ մեդալ նվաճում է 1.86միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ մեր փոքրիկ, անչափելի խնդիրներ ունեցող Հայաստանը` 4.8 միլիոն ԱՄՆ դոլարով` 2.5 անգամ ավելի շատ, քան Մեծ Բրիտանիան»: Թվային այս եզրակացությանը հանգելու համար թերթը վկայակոչել, գումարել ու բազմապատկել է տասնյակ ու տասնյակ այլ թվեր: Պետբյուջեի կատարման նպատակով կառավարության ձեռնարկելիք միջոցները ավելի պատկերավոր դարձնելու համար թերթը բազում թվերից բացի օգտագործել է սև և մոխրագույն գծապատկերներ: Իսկ ահա արտագաղթի վերաբերյալ հոդվածում առանց թվերի «յոլա» գնալ պարզապես անհնար է, ուստի շռայլորեն մեջբերվել է միգրացիոն պետական ծառայության ղեկավարի «թվաշատ» խոսքը («Այլևս չեն ժխտում, որ արտագաղթ կա»): Նույնիսկ Սևանի ափին հանրային լողափեր կազմակերպելու կառավարության որոշման կատարման ընթացքը ներկայացնելու համար թերթը առատորեն թվեր է սփռել բավական փոքրածավալ նյութում («Մի պուճուր Սևան էլ` ձեզ»): Այս ամենի փոխարեն թվերը համեմատաբար քիչ են «Մեծ բիզնեսը խժռում է փոքրին» հոդվածում. վերնագրում արտահայտված միտքն ապացուցելու համար բավական է եղել երեք գործարար կանանց օրինակը:
Ընթերցողին «թվախեղդ» անելու ճաշակ և որոշակի հմտություն է դրսևորում նաև «Հրապարակը»: Ինչպե՞ս թիվ չօգտագործես «Տնտեսական շաբաթ կամ տեսնես ինչո՞ւ…» վերնագիրը կրող նյութում, մանավանդ այն հատվածում, որտեղ ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գազի սակագնի մեծացումը ապացուցելու համար «համադրում է թվերն ու կոպիտ հանում-գումարում անում»: Կամ մանկավարժական համալսարանի ռեկտորի կադրային քաղաքականությունը դատափետելու համար թերթը թվարկում է այն աշխատակիցներին, ովքեր բուհում աշխատելով 40-50 տարի, այժմ ռեկտորի հաշվեհարդարի զոհ են դառնում, կամ մեջբերում է այն միտքը, թե բուհի «խորհրդի նախագահի համար բավականին համեստ չափերի մի աշխատասենյակ է կառուցվել, որտեղ ընդամենը դրված է մի գրասեղան, երկու բազկաթոռ և 5-6 աթոռ»:
Մամուլի էջերում քիչ չէ նաև վրդովմունքը. այդ հոգեվիճակում է հայտնվել Լյուդմիլա Սարգսյանը` իմանալով, որ ՀՀ վարչապետն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ղեկավարներին, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահը` ծանոթանալով «Խղճի և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծին, անանուն գործարարը` կարդալով «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը («Առավոտ»):
Կան նաև առաջարկներ. «Ժամանակն» ուզում է, որ «իրենց խնայողությունները կամ բիզնեսը Հայաստան տեղափոխել ցանկացող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու ուղիներ գտնվեն ՀՀ կառավարության միջամտությամբ», «Գոլոս Արմենիին» մատնացույց է անում հանքարդյունաբերողներին և բնապահպաններին հաշտեցնելու ուղիները…