չորեքշաբթի, 29 օգոստոսի 2012
Պարկեշտության պակասը
Որոշ լրատվամիջոցների երբեմն իսպառ լքում է տարրական պարկեշտությունը: Այսօր պարզվում է, որ ԲՀԿ առաջնորդը ոչ միայն կառավարության կազմի 30 տոկոսի խնդիր չի դրել, այլև… չի էլ հանդիպել «Մասիսի ակտիվի հետ»` «Վարչապետի հարց չի քննարկվել, դա անհեթեթություն է»(«Իրավունք հետաքննություն»): Ամեն դեպքում հարցն արծարծվում է նաև «ՀԺ»-ում, և վարչապետի հնարավոր պաշտոնանկությունը հերքում են թե′ Հովհաննես Սահակյանը, թե′ Գալուստ Սահակյանը: Տիգրան Ուրիխանյանի կարծիքն է միայն, որ տարբերվում է, քանի որ նա (նրանք) «գտնում են այն, ինչ գտել են, համարում են այն, ինչ համարում են, ասում են այն, ինչ ասում են…»: Ի դեպ, այս գործչի դիմանկարն է այսօր տեղ գտել «Ժողովուրդի» համապատասխան էջում` «Տիգրան Ուրիխանյան` ԲՀԿ-ի հույսն ու ապավենը»:
Քաղաքական և տնտեսական գուշակությունը, որը ամենուր անշնորհակալ զբաղմունք է համարվում, մեր մամուլը շարունակում է պահել իր զինանոցում: «Հայացքն»,օրինակ, գուշակում է, որ «սեպտեմբերի կեսից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացում է սկսվելու», «ՀԺ»-ն, որ «Եկամտահարկի մասին» նոր օրենքի կիրառումից «մեկ կամ երկու տարի անց Հայաստանում փոքր ձեռներեց այլևս չի մնա, մի մասը կարտագաղթի, մյուսներն էլ ճարահատյալ «կծվարեն» խոշորների թևի տակ»: Նույնիսկ կառավարության անդամ երկու նախարարների պարզաբանումները («ՀՀ», «Ազգ») որևէ արդյունք չեն տվել:
«ՀԺ»-ն փոխանցում է տնտեսվարողների ահազանգը, որ «գրեթե մեկ շաբաթ է, ինչ հարկային մարմիններն իսկական տեռոր են սկսել իրենց դեմ»` պահանջելով, որ 15-25 տոկոսով մեծացնեն հարկերի ծավալները:
Մինչդեռ ԱԺ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տպավորիչ է համարել այս տարվա տնտեսական ցուցանիշները («Հայոց աշխարհ»):
Վարչապետի հրամանով արված կադրային մեկ-երկու նշանակումը «Հրապարակին» առիթ է տվել եզրակացնելու, որ աշխատանքից, իբր, ազատվել են կառավարության անդամներ: