շաբաթ, 1 սեպտեմբերի 2012
«Օլիգարխների խոսափողը»-2
«Առավոտի» գլխավոր խմբագրի կարծիքով «Ազգի» երեկվա հոդվածը, որտեղ Հրանտ Բագրատյանն անվանվում էր «փողատերերի ձեռքի գործիք», հեղինակել է… ՀՀ վարչապետը «կամ նրա մտերիմ մարդկանցից մեկը»: Մինչդեռ Արամ Աբրահամյանը կցանկանար, որ «այս տնտեսագետները իրար հետ բանավիճեին դեմ առ դեմ»: Ավելին, գործող «վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով և ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում»: Համապատասխան խորհուրդներ է ստանում նաև նախկին վարչապետը: Այս կերպ կարգավորելով խնդիրը, թերթն անցնում է մյուս թեմաների արծարծմանը:
Իսկ «Հայոց աշխարհը» հանրությանն զգուշացնում է, որ «գնաճն աստիճանաբար ակտիվանում է», «Գոլոս Արմենիին» շեշտում է ազատ տնտեսական գոտիների մեծ նշանակությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, մի ցուցանիշ, որն, ի դեպ, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է 40 տոկոսով («ՀԺ»):
Պատասխանելով «Գոլոս Արմենիի» հարցերին, ԿԳ նախարարն այսպես է ձևակերպում արդի կրթօջախի դերը. «Դպրոցը պետք է ինքն իրեն և աշխարհը ճանաչելու գործիքներ տա»:
«ՀԺ»-ն սիրիահայերի բազմանդամ ընտանիքը «Թուրքիա արտաքսելու» փոխարեն առաջարկում է այլ լուծումներ, որոնցից, իբր, չի օգտվել ՀՀ կառավարությունը: Նույն թերթը «չհասկացող հայերին» բացատրում է մարդասպանի արտահանձնման «իրական» պատճառները: