հինգշաբթի, 6 սեպտեմբերի 2012
Առավելությունները և թերությունները` «թևանցուկ»
«Ազգը» գրել է, որ «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013»-ում Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը. գրանցվել է մրցունակության աճ 10 կետով, միաժամանակ պարզաբանել, թե զեկույցում «որոնք են Հայաստանի ուշագրավ առավելություններն ու թերությունները»: Թեմային անդրադարձել է «Օրակարգը» («Իսկ մոծակները չեն խանգարել»), «առանձնակի նախանձախնդրությամբ»`նաև «168 ժամը». «Մրցունակությունն աճել է, տեխնոլոգիական պատրաստվածությունը` թուլացել», «Ադրբեջանը` առավելագույն նշաձող», «Մրցունակ դատարկություն» (որում, ի դեպ, թերթը «մի խոսքով» ցանկացել է «անցկացնել» այն մտայնությունը, թե իբր «Հայաստանի, որպես պետության, մրցունակությունն առաջին հերթին սեփական քաղաքացիների աչքում անդառնալիորեն նվազում է»): «Ժողովուրդը» նշել է, թե կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կապիտալում ՀՀ մասնաբաժինն ավելացնելու հարցը», թեև «պատճառը… որոշման նախագծում… հստակորեն նախանշված չէ»: «Հրապարակի» փոխանցմամբ առժամանակ առաջ առողջապահության ոլորտում գրանցված ֆինանսական մուտքերի անկմանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձին հետևել է ռևիզորների այցը թիվ 1 համալսարանական կլինիկա («Ռևիզորների այցը բուժհաստատություններ մեկնարկել է»): «Օրակարգը» տեղեկացրել է, որ «ԿԲ-ն անդրադարձել է տոկոսադրույքներին» և «անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%-ի մակարդակում»: Երկու այլ հրապարակումներում թերթը նշել է, որ «մոտ մեկ ամիս արժևորվելուց հետո» ազգային արժույթը դարձյալ սկսել է արժեզրկվել («Ուստարին արժեզրկում է դրամը»), նաև անդրադարձել «նախագահի կողմից հանձնարարված 7% տնտեսական աճի ապահովման» հիմնահարցի լուծման թերևս «սեփական պատկերացումներին» («Իմ զենքը իմ մեթոդոլոգիան է. տնտեսական աճը կապահովվի նկարչության ճանապարհով»):
«168 ժամը» գրել է, թե ՀՀ բանկերի արտաքին պարտքն աճել է շուրջ 20 տոկոսով: Մի այլ հրապարակման մեջ («Բարձունքի խորխորատներում») պարբերականը անդրադարձել է գնաճի հիմնախնդիրներին և հայտարարել, թե իբր «վերջին տարիների մեր տնտեսական կենսափորձն ապացուցում է, որ գնաճն… անկանխատեսելի է», «բայց նաև` հարաճուն ու պարտադիր»: