երեքշաբթի, 18 սեպտեմբերի 2012
Բոլոր հնարավոր միջոցներով…
Նախագահի շաբաթօրյա խորհրդակցությունից հետո տպագիր մամուլը լիուլի ժամանակ ուներ, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով լուսաբաներ ոչ միայն հանդիպման նույնիսկ ամենաանշան մանրամասնը, այլև առաջին արձագանքները. «Հրապարակ», «Ժամանակ», «Ազգ», «ՀՀ», «ՀԺ», «168 ժամ», «Օրակարգ», «Գոլոս Արմենիի», «Առավոտ»…
Մամուլի մնացած թեմաները պարզապես «խամրում» են առաջատար թեմայի համեմատ: Ամեն դեպքում անուշադրության չի մատնվել Վարդան Այվազյանը. «Եթե մեղք եմ գործել, թող ձերբակալեն» («Առավոտ»), «Հասար, Վարդան, վճարիր ու իջիր» («ՀԺ»), «Եթե մեղավոր եմ, կգնամ հուր-հավիտյան նստելու» («168 ժամ»):
Շարունակելով Այվազյանի թեման «ՀԺ»-ն կարծիք է հայտնում, որ երկրի ընդերքը այս թափով շահագործելու դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա: Մեկ այլ նյութում պատմվում է, որ Տավուշի մարզի բնակիչները բողոքում են հերթական փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: «Նովոյե վրեմյան» վերհիշում է Բագրատյանի վարչապետության տարիները և ընթերցողին պատկերացում տալիս, թե ինչ կլինի, եթե նա վերադառնա…
Մամուլի հրապարակումներում դրական շեշտեր նույնպես կան: Ահա երկու նյութ. «Դիջիթեքի» շնորհիվ ՀՀ-ն աշխարհին ներկայանում է որպես բարձր տեխնոլոգիական երկիր» («Իրատես դե ֆակտո») և հարցազրույց Tiasphere Technopark-ի գլխավոր տնօրեն Թոնի Մորոյանի հետ («Գոլոս Արմենիի»): «Հրապարակը» պատմում է մի դեպք, երբ Սիսիանի սահմանամերձ Բալաք գյուղի բնակիչներից մեկի բնակարանի խնդիրը լուծվել է վարչապետի և կառավարության աջակցությամբ` «Մեր հրապարակմանն արձագանքել են` տունը կառուցվել է»:
«Ժամանակը» փոխանցել է նկարիչ Հակոբ Հակոբյանի խոհերը մեր ժամանակի և օրվա հրատապ հարցերի մասին: