ուրբաթ, 21 սեպտեմբերի 2012
Կառափնարան
«Հայոց աշխարհը» «Գնումների աջակցման կենտրոնի» ղեկավարության պաշտոնանկությունը համեմատում է «գլուխ թռցնելու» հետ և արձանագրում, որ այդ ժամանակն էլ եկավ: Ահա մյուս վերնագրերը. «Մեղավորին հայտնաբերեցին ու պատժեցին» («ՀԺ»), «Պաշտոնանկ արվող նոխազների շարքը շարունակվելու է», «Վարչապետը պետգնումներում արդարությո՞ւն է հաստատում», «Ուշադրության կենտրոնում են գնումները» («Առավոտ»), «Աշխատանքից կազատվեն գնումների կենտրոնի ղեկավարները» («Ազգ»), «Սկսել հարազատ եղբորից» («Ժամանակ»), «Աննպատակ զոհաբերություն» («Օրակարգ»), «Ո՞վ է պետգնումների միջոցով մեծ թալանի հիմնական մեղավորը», «Նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն» («Իրավունք»), «Իսկ ինչու չեն ազատում Վաչե Գաբրիելյանին» («Հրապարակ»): Այնուհետև մամուլը սահուն անցում է կատարում Ազգային գրադարանի թեմային` «Թևերն ամպոտ և հրեշտակի անմեղությամբ վարչապետը» («Հրապարակ»), «Հանրային գրադարանի նորոգման որակը վարչապետը խայտառակություն է համարել» («Հայացք»), «ԲՀԿ»-ի դիմակահանդեսը. թե ինչպես է ԲՀԿ նախարարի ոլորտում փոշիացվել ժողովրդական փողը» («Ժամանակ»):
Պարզվում է, որ Հրանտ Բագրատյանը պատրաստ է կրկին գլխավորել կառավարությունը, պայմանով, որ «համաձայնեն իր գաղափարախոսությանը» («Ժամանակ»): Քանի դեռ այդպես չէ, նախկին վարչապետը շարունակելու է պնդել, որ «90-ականների սկզբի քաղաքական, տնտեսական և ռազմաքաղաքական հաջողությունները չի հաջողվել պահպանել, եկել է լճացման փուլ» («Հրապարակ»): Բագրատյանին չի շփոթեցնում այն հանգամանքը, որ հայ հանրության ներկա սերունդը արդեն բախտ ունեցել է իր կյանքի մի մասն անցկացնել նրա վարչապետության օրոք: Այժմ էլ Բագրատյանը նվազագույն աշխատավարձն է ուզում կրկնապատկել («Հայացք»), սակայն կառավարությունը համաձայն չէ («Ժամանակ»)` «անհիմն» պատճառաբանությամբ («ՀԺ»):
Մամուլում սովորաբար հավուր պատշաճի լուսաբանվում են Ազգային վիճակագրական ծառայության ամփոփագրերը: Երեկ հրապարակված տվյալները ևս համապատասխան արձագանք են ստացել. «8 ամսում 8.3 տոկոս տնտեսական ակտիվության աճ. արտահանումը հասել է ներմուծման ծավալի մեկ երրորդին» («Ազգ»), «Արդյունաբերությունը դանդաղում է, հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում ավելացել է 8.3 տոկոսով» («Օրակարգ»), «Շարունակում ենք «աճել» («ՀԺ»):
Կառավարությունում անցած շաբաթ անցկացված խորհրդակցությունից նորանոր թեմաներ են քաղում լրատվամիջոցները: Այսօր «Իրավունքը» զրուցել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի («Ոմանք փորձում են իրենց կշիռը բարձրացնել կամ երևալու խնդիր լուծել»), «Հայոց աշխարհը»` ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի («Դասեր, որ պետք է սերտեն բոլորը») հետ: