երկուշաբթի, 24 սեպտեմբերի 2012
Իսկ դուք ո՞ւմ եք հարցրել
Վարչապետը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ պետբյուջեի կատարողականը: Ելույթը տեղադրվել է բազմաթիվ կայքերում, տպագրվել «ՀՀ»-ում («Անցյալ տարին` թվերով. սկսվեց 2011թ. ՀՀ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը»), «Իրավուն քում» («2011-տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի»), ելույթի շարադրանքը` «Հրապարակում» («Բյուջեի մասին` ամեն ինչ»): Թերթերից մի քանիսը «սխալ» են բռնել կատարողականում: «Օրակարգը» «վիճակագրական խոտան» է համարում այն, որ վարչապետի ներկայացրած «գրեթե բոլոր տվյալները մոտ 1 տոկոսային կետով ավելի փոքր են, քան դրանք ներկայացրել է ԱՎԾ-ն»: «168 ժամն» այն տպավորությունն է ստացել, որ «Բյուջետային ելույթն ամեն ինչի մասին է, բացի բյուջեից»: Այդ հարցերում պարզություն մտցնելու համար թերթը դիմել է… այո, Հրանտ Բագրատյանին, ով փարատել է ընթերցողի բոլոր կասկածները` պնդելով, որ իր հաշվարկով «բյուջեն չի կատարվել»: «Ժողովուրդը» իբրև փորձագետ ներգրավել է Վահագն Խաչատրյանին. վերջինիս պնդմամբ «2011թ. գնաճը եղել է նախատեսվածից ավելի»: «ՀԺ»-ի ամփոփագրում նույնպես գլխավոր գործող անձը Հրանտ Բագրատյանն է, ում հատու ու անսպասելի հարցերին, բնականաբար, ոչ ոք հոդաբաշխ պատասխան չի կարողանում տալ: ՀՀ ԿԲ-ի ղեկավարի ելույթի կապակցությամբ թերթը նույնիսկ փորձագետի կարիք չի զգացել` ակնարկելով, որ երկրի գլխավոր դրամատունն անգործության է մատնված: Ինչպես կռահում է ընթերցողը, այս ամենի մեջ կարևորն այն է, թե ո՞ւմ են ուղղվում հարցերը…
Ինչպես միշտ, հարուստ բովանդակություն ունի «Հրապարակի» տնտեսական շաբաթի վերլուծությունը: Վկայակոչելով տնտեսական ակտիվության ցուցանիշները, թերթը եզրակացնում է, որ «… մի քանի ամսվա ընթացքում տնտեսական կենտրոնացվածությունն ավելի է մեծացել»: Առկա է նաև իշխան ձկան թեման, որը, սակայն, հիմնովին բացահայտելու փորձ է արել «Իրավունքը»` «Միջպետական սկանդալ` հանուն մասնավոր քմահաճույքների»:
«Գոլոս Արմենիին» զարմանում է, թե ինչպես քաղաքաշինության նախարարության և իր ստորաբաժանումների «հարյուրավոր աշխատակիցները ի վիճակի չեն վերահսկել պետական փողերով կառուցվող ընդամենը մի քանի շինօբյեկտները, որպեսզի այնտեղ «լկտիություն ու այլանդակություն» չտիրեն: Մի իսկական «գիշատիչների խրախճանք» է ներկայացրել «ՀԺ»-ն Խոսրովի արգելոցում հայտնաբերված զանազան կենդանիների մարմնի մնացորդներին ի տես: Այնինչ, ըստ թերթի, բնապահպանության նախարարն ընդամենը երկու ամիս առաջ էր հայտարարել, որ այդ արգելոց ոչ ոք չի կարող մտնել առանց իր թույլտվության:
«168 ժամը» դժգոհում է, որ վարչապետի բլոգը եթե անգամ «չի մահացել, ապա կոմայի մեջ է»: «Փոխարենը գործում է Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջը»,-գրում է թերթը` հավելելով, որ վարչապետն սկսել է «նախապատվություն տալ կարճ խոսքին»: