ուրբաթ, 5 հոկտեմբերի 2012
Նմանության բացասումը
Լրատվամիջոցները դեռևս ըմբոշխնում են վրացական իշխանափոխության վիրտուալ պտուղները, մանավանդ, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հրապարակ նետվեց «Վրացական երազանքի» և ԲՀԿ-ի առաջնորդների նմանության վարկածը: Խնդրի արծարծմանը լծվել է նաև «Ժամանակը», որը բացառում է նշված անձանց կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերի որևէ նմանություն: ՀՀԿ փոխնախագահն այն կարծիքի է, որ ԲՀԿ-ականների «պահանջներն ավելի շատ են, քան իրենց հասնում է», վարչապետի պաշտոնն էլ ուզում են՝ քանի որ նախարարները պատասխանատվություն են կրում վարչապետի առջև, ուստի ցանկանում են, որ «ընդունելի մարդ նշանակվի այդ պաշտոնում»: Մյուս հրապարակման մեջ թերթը թվարկում է հայ և վրացի կուսակցական այս առաջնորդների տարբերությունները «սկսած կենցաղայինից, մինչև քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական»: Թերթին նաև հետաքրքրել է, թե «ինչո՞վ է զբաղվել Գագիկ Ծառուկյանը 73-ից 83 թվականներին»:
Կառավարության երեկվա նիստի հարցերից ամենամեծ արձագանքը ստացել է ԱԳՆ շենքի օտարումը՝ «Ազգ», «Ժամանակ», «Հայացք», «Օրակարգ», «ՀԺ»: Ուշադրության են արժանացել նաև հարկային պարտավորությունների վերահսկման («Հայացք», «ՌԱ», «Ժողովուրդ»), արագաչափ սարքերի սերտիֆիկացման («Հայացք»), մասնագիտական կոմնորոշման համակարգի ձևավորման («ՀՀ») և մի քանի այլ թեմաներ:
Բյուջե-11-ի կատարողականը ԱԺ-ում հաստատվել է, և այս իրողությունը նույնպես ստվար մամուլ է «հավաքել»՝ «ՀԺ», «Ժամանակ», «Հրապարակ», «ՌԱ»: «Իրավունքն» էլ սահուն անցում է կատարում դեպի եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումը՝ «Իսկ ո՞ւր են գնալու պետգնումների թալանից խնայված փողերը»:
«Առավոտից» տեղեկանում ենք, որ «Կապանի նոր սողանքային գոտու հարցը հասել է կառավարություն, եթե հարցը չլուծվի, Տավուշի սողանքի դեպքը կկրկնվի», որ «գյուղնախարարի «մեծ» քայլերը հաճախ «նկատելի» չեն», որ լրացել է նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնավարման 100 օրը»:
Չնայած առողջապահության նախարարության պաշտոնական հերքմանը, «Հրապարակը» շարունակում է պնդել, որ Գյումրու նորակառույց առողջապահության կենտրոնի «փլուզումն սկսվել է»:
«ՌԱ»-ն գրում է երկրի տնտեսության նոր՝ արտահանմանը միտված զարգացման հեռանկարի մասին, «Իրավունքը» տպագրել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Արտ. Գեղամյանի այսօրվա ելույթը. «Պայքար տնտեսական և ֆինանսական ճգնաժամի դեմ»: