շաբաթ, 6 հոկտեմբերի 2012
Սովորական Բիձինա
Հարևան երկրի իշխանությունը գրեթե նվաճած հերթական գործիչը երեկ բացահայտեց, թե որն է իր ղեկավարած շարժման «երազանքը»: Եթե իր նախորդները տասնամյակների և նույնիսկ դարերի ընթացքում փորձել են կյանքի կոչել «Վրաստանը` վրացիներին» կարգախոսը, ապա այս մեկը ավելի հստակեցրեց անելիքը` «Վրաստանն առանց հայերի»: Գաղափարն, իհարկե, նոր չէ, սակայն երկրի նորելուկ առաջնորդն էլ սովորական վրացի է («Ժողովուրդ», «ՀԱ», «168 ժամ», «Նովոյե վրեմյա», «ՀԺ», «Առավոտ»):
Առողջապահության նախարարը նշել է իր պաշտոնավարման 100 օրը: Բայց այս «հոբելյանը» լիովին վայելել չի հաջողվել, քանի որ մամուլի ասուլիսում տիրապետողը եղել է դեղի շուկայում բացահայտված չարաշահման թեման. «Դերենիկ Դումանյանի 100 օրը» («Առավոտ»), «Կամայականություններ բուժհաստատություններում» («Ժողովուրդ»), «Համատարած չարաշահումներ» («ՀԺ»), «1,5 միլիարդ դրամի վնաս պետական բյուջեին» («Ազգ»), «Հիվանդանոցները դեղերը գնել են առանց մրցույթի» («ՀԱ»):
ԱԳՆ շենքը վաճառելու կառավարության որոշումը շարունակում է հարուցել որոշ լրատվամիջոցների բացասական արձագանքը («168 Ժամ»), որին միախառնվում է նաև դառը հումորը («Հրապարակ»):
«Ժամանակը» ֆինանսների փոխնախարարի օգնությամբ պարզաբանում է կենսաթոշակային բարեփոխման էությունը` հընթացս տալով «Ի՞նչ է լինելու մեր փողերի հետ» տագնապալի հարցը: Թերթի դիտարկմամբ ԱԺ-ում եկող տարվա պետբյուջեի նախագծի պաշտպանությունը ևս ՀՀԿ-ն ստիպված է լինելու միայնակ իրականացնել, քանի որ «որոշ տեղեկություններով ԲՀԿ-ն չի մասնակցելու բյուջեի քննարկմանը»:
«ՀԺ»-ն շարունակում է նույնություններ արձանագրել ընթացիկ տարվա և 2013-ի բյուջեի նախագծերում, իսկ «Գոլոս Արմենիին», նկատի առնելով պետական ապարատը կարգի բերելուն ուղղված վերջին միջոցառումները, կարծիք է հայտնում, որ վարչապետը պետք է իր աշխատանքով ապացուցի, որ «սառույցը շարժվել է», և դա նրա համար դիպլոմի պաշտպանության պես բան է»: