չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2012
«Համերկրացիների» անմեղությունը
Օրվա մամուլի զգալի տարածքը «գրավել են» Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի երեկվա ասուլիսի մեկնաբանությունները: «Օրակարգը» ուղղակի փոխանցել է ռուս պաշտոնյայի վերաբերմունքը ՌԴ միգրացիոն ծառայության «հայրենակիցներ» ծրագրի նկատմամբ` «Հայերին ոչ ոք բռնությամբ Ռուսաստան չի տանում»: «Ժողովուրդը» «որոշել է», որ ռուս դեսպանի «բավական կտրուկ, եթե չասենք` ոչ դիվանագիտական հայտարարությունների հասցեատերը» «ծրագրի շուրջ հրապարակային մտահոգություն հնչեցրած» ՀՀ վարչապետն է: Ասուլիսին անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Իսկ ո՞ւմ է հարկավոր դատարկ կամ կիսադատարկ Հայաստանը»), «Հրապարակը» («Խեղճ, թույլ երկիր»), մի այլ հարցադրմամբ` «Օրակարգը» («Հայրենակիցնե՞րն» են մեղավոր, թե՞ ՀՀ իշխանությունները») և «Ժամանակը» («Ինչո՞ւ է բարկացել Ռուսաստանը»):
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Երևանում ավտոկայանատեղերի գործունեությունը կանոնակարգող նախագծերի փաթեթը, որը «մեծ ազդեցություն կարող է ունենալ Երևանի արտաքին տեսքի վրա», թեև, ըստ հրապարակման, «մայրաքաղաքի խնդիրները կմնան այնպիսին, ինչպիսին եղել են և կան», «Ժամանակը» ՀՀԿ խորհրդարանական Արտակ Դավթյանի հետ զրույցը իր հանգույն խորագրել է «Բյուջե 2013. ՀՀԿ-ն համ կպարի, համ ծափ կտա՞»:
«Օրակարգը» անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի 2012թ. համար գլոբալ տնտեսության աճի տեմպի կանխատեսմանը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» սեպտեմբերյան զեկույցում, որում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը բարձրացվել է մինչև 3,9%, ինչը տարբերվում է կառավարության սպասումներից 7,1% («ԱՄՀ-ն խառնել է իրար»): Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, որ ԿԲ խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%` («Կենտրոնական բանկն անսասան է»): «Ազգը» պարզաբանել է, թե «Հե՞շտ է արդյոք Հայաստանում բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստանալ, ինչպիսին են դրանց տոկոսադրույքները»` ի վերջո հանգելով մտահոգիչ եզրակացության, թե առկա են «Բարձր տոկոսադրույքներ և անհեթեթ նախապայմաններ»:
«Հայոց աշխարհը», անդրադարձել է վերջին շրջանում պետական կառավարման համակարգում իրար հաջորդող բացահայտումների թեմային («Ինչո՞ւ մինչ այդ ոչինչ չէր ձեռնարկվում. չարաշահումներ եղել են միշտ»), «Իրավունք հետաքննությունը»` Արարատյան հարթավայրի ստորգետնյա քաղցրահամ ջրերի կորուստների հիմնախնդրին («Եվ ո՞վ է պատասխանատու կորչող միլիարդների համար»):