հինգշաբթի, 11 հոկտեմբերի 2012
Վարչապետ աշխատելու հաճույքը
«ՀԺ»-ի աղբյուրների հաղորդմամբ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս անգամ էլ վարչապետ աշխատելու drive է ցուցաբերում: Դարձյալ նույն թերթի աղբյուրները «քչփչում» են, որ Գազպրոմբանկի առաջին փոխնախագահը Հայաստան է գալու ՌԴ նախագահի շքախմբի կազմում. հենց այդ ժամանակ էլ, իբր, քննարկվելու է ՀՀ վարչապետի փոփոխության հարցը:
Մինչ այդ տպագիր մամուլն զբաղված է կառավարության երեկվա նիստի լուսաբանմամբ. «Վարչապետը` պետբյուջեի փողերի փոշիացման մասին» («Առավոտ»), «Երբ քաղաքաշինության նախարարը ՍՈՒ-ի պետ է…», «Կառավարության գլխավոր մուտքի դուռը կողպել էին» («Հրապարակ»), «Պետությանը հասցրած վնասի դեպքում` անձնական պատասխանատվություն» («Ազգ»), «ՔԿԱԳ մարմիններից դուրս ամուսնությունը` 50 հազար դրամ» («ՀՀ»), «Երբ նրանց խոսքը գրոշի արժեք չունի» («Ժողովուրդ»), «Կաթիլ` ծովում» («ՀԺ»), «Ասֆալտապատում post factum» («Օրակարգ»), «Դուք էլ ակտիվացեք շարունակ փնթփնթալու փոխարեն» («ՀԱ»): Դեղերի շուկային են անդրադարձել «Առավոտը» և «Գոլոս Արմենիին», սակայն վերջինս հիշեցնում է, որ Շաբոյանն իր հրապարակած թվերը, որոնք ցնցել են լսարանը, գրեթե նույնությամբ հանրության սեփականությունն է դարձրել նաև ս.թ. փետրվարի 21-ին:
«Հայրենակիցներ» ծրագրին է անդրադարձել «Օրակարգը» («Հայրենակիցներին` Սիբիր»): «Ժողովուրդը» նշել է, թե Գյումրու քաղաքապետարանը «չի պատրաստվում վճարել» Մինասի երկու որմնանկարների վերականգնման համար իտալացի մասնագետներին տրամադրվելիք պատկառելի գումարը:
«Ազգը» գրել է, որ «Օմբուդսմենը դիմել է վարչապետին» Պաշտպանության նախարարի հրամանով նախատեսվող 3 տիպի ծառայություն իրականացնելու վերաբերյալ և ներկայացրել իր դիտարկումները: «168 ժամը» ներկայացրել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի նկատառումները գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ընթացող գործընթացների մասին («Գործարարներին առաջարկվող պայմաններն անհավասար են»). մի այլ հրապարակման մեջ թերթը ահազանգել է, թե «հասարակության քննարկման լուրջ առարկա է դարձել գոմեշի ներկրված մսի թեման և ինքն էլ «միացել» դրան` «Ինչպե՞ս են գոմեշի միսը «սաղացնում» (և մինչև օրս «սաղացրել») ժողովրդի վրա»:
«Հայկական ժամանակը» գալիք տարին «առանձնացրել է» նշելով, որ «ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվելու է ահռելի գումար` մոտ 418 միլիոն դոլար» և եզրակացրել, թե «լավ բան չի սպասվում», «Հայոց աշխարհն» էլ հաշվել է, թե «եկամուտները համարժեք չեն թանկացումներին», ուստի «անիմաստ է խոսել սոցիալական վիճակի լավացման մասին»:
Ըստ «Գոլոս Արմենիի» հրապարակման շքեղության հարկի սահմանումը հակառակ ազդեցություն է ունեցել, և անհրաժեշտ են նոր համապատասխան փոփոխություններ: Մի այլ հրապարակման մեջ թերթը փորձել է դիտարկել Եվրասիական մայրցամաքային ինտեգրացիան Եվրասիական զարգացման բանկի կատարած` «ԱՊՀ երկրներում փոխադարձ ներդրումների մոնիտորինգի» համատեքստում: