հինգշաբթի, 18 հոկտեմբերի 2012
Հարցերի դասավորություն
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) մշակման ոլորտի կանոնակարգման նպատակով ընթացող գործընթացներին («Մշակովի բույսերի բնօրրան Հայաստանում չպետք է մշակվի ԳՁՕ») և նշել, որ «բնապահպանները շեշտում են» համապատասխան «օրինագծի վերաբերյալ վարչապետի որոշման կարևորությունը»: «Ցորենը դեֆիցիտ է լինելու», զգուշացրել է «Օրակարգը», նաև հայտնելով մտավախություն, թե «համաշխարհային շուկայում բարձրացման միտումները գործարարներն անմիջապես տեղափոխելու են ներքին շուկա»: «Առավոտը» վերստին քննության է առել «էլիտար սերմացուի» թեման` («Նախագահին հրավիրել են հացահատիկի դաշտ»), «Հայոց աշխարհը»` փոխանցել «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանի` կազմակերպության արտադրանքի իրացման հետ կապված մտահոգությունը («հայկական գինու տեղը ռուսաստանյան շուկայում նեղանում է»):
Աղքատության և դրա հաղթահարման նպատակով ընթացող գործընթացները ըստ «ճաշակի յուրյանց» ներկայացրել են «Հայկական ժամանակը» («Աղքատ են 60-70%-ը» և «Թոշակառու, գնա և ապրիր») և «Ժողովուրդը» («Ներքին հրահանգ. նվազեցնել աղքատության ցուցանիշը»): Նույն «ՀԺ»-ն մի այլ` «Սա պետություն չի, ՍՊ ընկերություն է» «հավակնոտ» հրապարակման մեջ իր հանգույն «հաշվել» է, թե տարեկան որքան եկամուտ կարող է ունենալ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն էլեկտրոնային ստորագրության սպասարկման գործառույթի իրականացմամբ:
«Ժամանակը» անդրադարձել է Առողջապահության նախարարության և դեղ ներկրող «Վագա-Ֆարմ» ընկերության դատական վեճին` հընթացս «հրամցնելով» իր «շրջանառու տեղեկությունները»` հարցմամբ, թե «Կապ ունի՞ «Վագա-Ֆարմը» վարչապետի հետ», «168 ժամն» էլ լուսաբանել է Սպառողների և ՀԳՄ միությունների նախագահներ Վազգեն Սաֆարյանի և Գագիկ Մակարյանի երեկվա մամուլի համատեղ ասուլիսը` «Ինչն է խթանում պետությունը, կամ խթանո՞ւմ է արդյոք որևէ բան»: Մի այլ հրապարակման մեջ թերթը զրուցել է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանի հետ («Կառավարությունը հասկանում է, որ առաջնայինը գիտելիքահեն տնտեսությունն է»), ով ներկայացրել է գիտության և երիտասարդ հայ գիտնականներին հետաքրքրող մի շարք հիմնահարցեր: «Հրապարակը», անդրադառնալով հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, հընթացս «թեժացրել» է արտագաղթի թեման` ներկայացնելով Հմ. Հովհաննիսյանի տեսակետները` «Եթե արտագաղթել, ապա գոնե Ռուսաստան»:
«Ժամանակը» ներկայացրել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի հետ զրույցը («ԱՄՀ գնահատականները դիվանագիտական չե՞ն»), «Օրակարգը» տեղեկացրել է, թե ազգային ավիափոխադրող «Արմավիան» կրկին հայտնվել է պարտքային սկանդալի կենտրոնում»` («Թռիչք դեպի սնանկացում»):
Կառավարության թիվ 2 շենքի ճակատագիրը մտահոգում է հասարակության տարբեր շերտերին: Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ ազգային խորհրդանիշի նշանակություն ձեռք բերած շենքերի հետ պետք է զգույշ վարվել, որովհետև դրանք յուրահատուկ զգացմունքային դաշտ են ստեղծում` «Սիմվոլիկ կառույցներին ձեռք տալ չի կարելի». «Հայոց աշխարհ»: Նույն թեմայի շուրջ առավել կտրուկ է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքը, որ ներկայացնում է «Գոլոս Արմենիին». «Հանրապետության սեփականությունը մասնավոր ունեցվածք չէ»:
Մեկ այլ հրապարակմամբ վերլուծելով ԱՊՀ երկրների 200 միլիոնանոց շուկայի հնարավորություններն ու Հայաստանի արդյունաբերության արտահանմանը միտված ռազմավարական ծրագրերը, «Գոլոս Արմենիին» համոզմունք է հայտնում, որ «ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտին շահեկան է Հայաստանի համար»: