շաբաթ, 20 հոկտեմբերի 2012
ՀԴՄ-ների կիրառման ճանապարհը
«Գոլոս Արմենիին» անդրադարձել է Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հերթական հետազոտությանը, հետաքրքիր համարելով, որ առկա դժվարությունների ֆոնին նկատելիորեն աճել է իշխանությունների վստահության ցուցանիշը, և որ իրականացվող բարեփոխումների արդյունքներից օգտվողների արձագանքը հիմնականում դրական է («Հետընտրական ախտանիշը հաղթահարվել է»): Մեկ այլ հրապարակմամբ այս թերթը ներկայացնում է Հայաստանի ներդրումային քաղաքականության վիճակը, իրականացվող ռազմավարության արդյունքներն ու բացթողումները («Բոլոր խաղաքարտերը ձեռքերի մեջ, ոչ թե թևքերում. Հայաստանի անհասկանալի ներդրումային երկչոտության և միակողմանիության մասին»):
Ըստ «Առավոտի» «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը ԱԳՆ-ի շենքի մի մասը «կդարձնի համահայկական միջազգային մշակութային կենտրոն»: «Հայոց աշխարհը» վերահաստատել է առևտրի ու սպասարկման ոլորտում «իրական շրջանառության հետ կապված լուրջ խնդիրների առկայությունը և հայտարարել, որ «Նոր ՀԴՄ-ները բավարար պայման չեն»: «Հրապարակի» «Նոր ՀԴՄ-ներն անհրաժեշտ են տնտեսությանը, թե՞ ոչ» հարցմանը գործարար Խաչատուր Սուքիասյանը «հակադարձել» է, որ ինքը «մտավախություն չի տեսնում», «հակառակը, փոքր և միջին ձեռնարկատերերը պիտի մի բան էլ ուրախանան» անհավասար պայմանների վերացման համար (թեմային անդրադարձել է նաև «168 ժամը»): Մի այլ հրապարակման մեջ «Սահմանադրական հանրաքվե՞», թերթը «քննության է առել» հանրաքվեով փոխվարչապետի «պաշտոնն ու ստատուսը ամրագրելու հարցը»:
«Ժողովուրդը» ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկվա «բավական թեժ քննարկումներին» անդրադարձել է «յուրովի»` «Կառավարության անտրամաբանական նախագծերը» հրապարակմամբ: Մի այլ հոդվածում թերթը հիշեցրել է Վարչական իրավախախտումների մասին օրենքում ԽՍՀՄ տերմինաբանության «սկանդալային բացահայտման» փաստը իրեն հատուկ «հավակնոտ եզրակացությամբ»` «Խորհրդային երկրի մնացորդները»:
«Հայկական ժամանակը» տնտեսության զարգազման գլխավոր խոչընդոտը` «դժբախտությունը» համարել է կենտրոնացումը` մոնոպոլիզացիան` մանրածախ առևտրի «օրինակով»: «Ժամանակը» անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիայի» միջև ծագած աշխատանքային ֆինանսական խնդիրներին` «Երբ կգա խայտառակության վերջը», «Հրապարակը»` Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ ՀՀԿ-ական խորհրդարանական Կարեն Ավագյանի դիտարկումներին` «Անիմաստ հորդորներ Կարեն Ավագյանին», «Ժողովուրդը»` «Սիվիլիթաս» հիմնադրամի 3 միլիոն դրամի նվիրատվությանը` «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը` «Կարևորը` օգնեք»: «Կապ ունի՞ Վագա-ֆարմը վարչապետի հետ» հրապարակման առիթով «Ժամանակի» խմբագրությանը հասցեագրված «հերքումը» թերթը տպել է «Շահարկում են իմ ու վարչապետի ընկերությունը» խորագրով: