Ուրբաթ, 6 Օգոստոսի 2010
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Սա բացառիկ հնարավորություն է միմյանց հետ հանդիպելու և քննարկելու շինարարական ոլորտի խնդիրները, անցած ճանապարհը, ձեռքբերումները և այն նոր մարտահրավերները, որոնք կանգնած են շինարարական ոլորտի առջև, շինարարների առջև։
Գաղտնիք չէ, որ 2009թվականը լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, և առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքը մենք արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա։ 2010 թ. առաջին կիսամյակի միտումները ցույց են տալիս, որ ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, և դրան էապես նպաստում են նաև այն մեծածավալ ծրագրերը, որ այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից։
Այս աշխատանքները շարունակվելու են, և չափազանց կարևոր է, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնությունները ավելի բազմազան են դարձնում այն գործառույթները, որով զբաղվում են այսօր շինարարները։ Ցանկանում եմ հիշատակել այն պիլոտային նախագիծը, որ մենք իրականացնում ենք Գառնի-Գեղարդ ճանապարհային հատվածում` նպատակ ունենալով ձևավորել մի նոր տուրիստական կենտրոն։ Նմանատիպ նախագծեր իրականացվելու են նաև ՀՀ ողջ տարածքով մեկ` նպատակ ունենալով մեծացնել ուշադրությունը մասնավոր ներդրողների, շինարարական նոր նախագծերի նկատմամբ, որոնք պետք է համահունչ լինեն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումներին։ Այդ առումով չափազանց կարևոր խնդիր է արդիականացնել շինարարական ոլորտը։ Մենք ունենք լուրջ պատմական ժառանգություն, որով հպարտանում ենք։ Եվ այսօր էլ մենք ուզում ենք այնպիսի նոր խոսք ասել շինարարության ոլորտում, որով հպարտանալու է նաև երիտասարդ սերունդը։ Եվ այդ առումով համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա բավարար ներուժ, կարողություններ, որպեսզի միասին կերտենք հիասքանչ հանրապետություն։
Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ կարևորել ձեր դերակատարությունը մեր ապագայի կերտման գործում։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։