Հ. Ինչպե՞ս կարող են ազդել համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները «Բյուջե-2009»-ի վրա։
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն գրեթե չունեցավ` պայմանավորված ֆինանսական համակարգերի ինտեգրվածության ցածր մակարդակով։ Հայաստանի ֆինանսական շուկայում իրացվելիության նկատմամբ պահանջարկի էական աճ չնկատվեց, հիմնականում կայուն վարքագիծ էին ցուցաբերել նաև ֆինանսական ոլորտի մյուս ցուցանիշները։ Այնուհանդերձ, ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության իրական հատվածի վրա կարող է երկրորդային էֆեկտների տեսքով արտացոլվել նաև Հայաստանի տնտեսության վրա` մասնավոր տրանսֆերտների ներհոսքի, արտահանման կամ օտարերկրյա ներդրումների նվազման միջոցով։ Պետք է նշել, սակայն, որ երկրորդային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա մեծապես կախված են ֆինանսական ճգնաժամի առարկայացումից։ Այսինքն, եթե ֆինանսական ճգնաժամում գտնվող երկրներն արագորեն արձագանքեն և հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնեն, ապա երկրորդային ազդեցությունները Հայաստանի վրա աննշան կլինեն։ Մյուս կողմից, տեսակետներ կան, որ որոշ ներդրողներ կարող են իրենց ակտիվները տեղափոխել ճգնաժամից չտուժած, տնտեսական բարձր կատարողական արձանագրող տնտեսություններ։ Այսինքն, գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ ներդրումային գրավչություն։ Միևնույն ժամանակ, նշենք, որ արդեն իսկ համաշխարհային շուկաներում նկատվում է հումքային ապրանքների գների կտրուկ անկում։ Հաշվի առնելով, որ համաշխարհային շուկաներում գների փոփոխությունները որոշակի ժամանակ անց արտահայտվում են նաև Հայաստանի շուկայում` 2009թ. կարելի է սպասել գների աճի թուլացում։ Վերջինս դրական կանդրադառնա բյուջեի կատարման վրա։